Հայ կինոսերները հնարավորություն կունենան մեծ էկրաններին դիտել աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» (Remember) ֆիլմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «ԿինոՊարկ»- ի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ֆիլմը կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել մարտի 24-ից:
«Նախնական որոշված է ցուցադրել օրը 2 սեանս' մեկը պարտադիր փրայմ-թայմին, սակայն, եթե ֆիլմը հաջողություն ունենա հայ հանդիսատեսի մոտ՝ վստահաբար կավելացնենք սեանսների քանակը»,-տեղեկացրեց նա:
«Հիշի՛ր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2015-ին: Այն կանադա-գերմանական արտադրության թրիլեր է, որի սցենարի հեղինակը Բենջամին Օգսթն է: Ֆիլմում խաղում են Քրիսթոֆեր Փլամերը, Բրունո Գանզը, Դին Նորիսը և այլք:
Ֆիլմի հերոսը' Աուշվիցի համակենտրոնացման ճամբարից փրկված Մաքս Ռոզենբաումը ծերանոցում ճանաչում է Զև Գութմանին, ով ևս այդ ճամբարից է եղել: Գութմանի կնոջ մահից հետո Մաքսը Զևին ասում է, որ իրենց ընտանիքները ճամբարում սպանվել են Օտտո Վալիշ անունով մի մարդու կողմից, ով գաղթել է Հյուսիսային Ամերիկա Ռուդի Քուրլանդեր անունով: Մաքսը Զևին համոզում է վրեժ լուծել և սպանել Վալիշին:
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ. Կահիրեում: 1962-ից ընտանիքով տեղափոխվել է Կանադա: Տորոնտոյի համալսարանում սովորել է միջազգային հարաբերություններ, երաժշտություն և հայոց պատմություն, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: 1984թ. նկարահանել է առաջին «Մոտ բարեկամ» ֆիլմը, որը ներկայացվել է միջազգային կինոփառատնի և արժանացել գլխավոր մրցանակի: 2002թ. նկարահանել է Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որը Կանադայի «Ջենի» կինոմրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանա կին: Էգոյանը Կաննի և Տորոնտոյի կինոփառատոների բազմակի մրցանակակիր է, ներկայացվել է Օսկարի: