Դերասան-ամուսիններ Գագիկ Մկրտչյանի և Լիդիա Գրիգորյանի առաջնեկի լույս աշխարհ գալու և կնունքի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Երեկ՝ Սուրբ Զատկի օրը, նրանք նշել են իրենց որդու ատամհատիկը:
Լիդիայի փոխանցմամբ՝ ութ ու կես ամսական Էդուարդն օրեր առաջ է հանել իր առաջին ատամը: «Ապրիլի 15-ին նա ծակեց առաջին ատամը, իսկ օրեր անց՝ նաև երկրորդը, քանի որ երկու օրից ամուսինս հյուրախաղերով մեկնելու է երկրից, որոշեցինք հենց Զատկի օրը կազմակերպել տղայիս ատամհատիկը»,- փոխանցեց Լիդիան, ում խոսքով՝ իրենց տունը փոքր է, շրջապատը՝ մեծ, այդ պատճառով էլ ատամհատկի արարողությունը կազմակերպել են ռեստորաններից մեկում: Երիտասարդ մայրիկը պատմեց, որ պահպանել են բոլոր ավանդույթները, իսկ փոքրիկ Էդուարդն իր առջև դրված իրերից ընտրել է մկրատը: «Որոշել էի ոչ թե թղթիկների վրա գրել մասնագիտություններ, այլ հենց իրեր դնել նրա առաջ: Տղաս ընտրեց հենց իր մկրատը. հավանաբար, որովհետև այն ծանոթ էր իրեն»,- ասաց Լիդիան՝ նշելով, որ միայն ատամհատիկից հետո է իմացել, որ պետք է ընտրեր երեխայի համար անծանոթ իրեր:
Ըստ նրա՝ գուցե որդին ապագայում ընտրի վարսահարդարի, դերձակի կամ պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը. «Երբ առավոտյան հավաքում էի տարբեր իրեր, որպեսզի արարողության ժամանակ որդիս ընտրեր, նա ձեռքը գցեց ու վերցրեց թոքերը լսող բժշկական գործիքը. դրա համար էլ մտածում եմ, որ գուցե բժիշկ կամ պլաստիկ վիրաբույժ դառնա»:
Դերասանուհու խոսքով՝ իրենց 40 հուրերի թվում են եղել նաև հայտնի մարդիկ. իրենց ընկերներ Սուրենն ու Յանան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, և այլք: Փոքրիկը հիմնականում հագուստ ու խաղալիքներ է նվեր ստացել, ինչպես նաև հեծանիվ: Ի դեպ, ջինսե ատամիկի տեսք ունեցող տորթն Էդուարդի համար նվեր է ուղարկել Խորեն Լևոնյանի կինը՝ Լիկա Մեսրոպյանը:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը