Մարիի ամառային հանգստին esyes.am-ն անդրադարձել է: Վերադառնալուն պես երգչուհին գործի է անցել ու այժմ իր երկրպագուների համար մի շարք հաճելի անակնկալներ ունի, որոնց մասին էլ խոսել է esyes.am-ի հետ. «Հանգստից վերասառնալուն պես բուռն գործունեություն եմ ծավալել և առաջիկա ամիսներին մի շարք նորություններ կունենամ: Հոկտեմբերի 15-ին' Moscafe-ում, տեղի կունենա իմ ակումբային մենահամերգը, որի ժամանակ կկատարեմ միջազգային հայտնի ու սիրված հիթեր, իմ երգացանկից մի քանի երգ: Բացի այդ, երկու պրեմիերա կլինի' որոնցից մեկը զուգերգ կլինի երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հետ»:

Այս անգամ երգչուհու մենահամերգի տոմսերը վաճառվելու են. «Նախորդ մենահամերգիս, որի ժամանակ նաև առաջին ձայնասկավառակիս շնորհանդեսը եղավ, միայն հրավիրված հյուրեր էին. պարզվեց' կան մարդիկ, ովքեր նույնպես կցանկանան ներկա լինել ու լսել իմ կենդանի կատարումները, այդ իսկ պատճառով որոշեցի այս անգամ մուտքը տոմսերով անել. բնականաբար ինձ մտերիմ մարդիկ ու հայտնի ընկերներս հրավիրված կլինեն»,- esyes.am-ին ասաց երգչուհին:
Մարին նախատեսում է մենահամերգի օրն իրականացնել նաև իր նոր'«Հարցականներ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի շնորհանդեսը. «Տեսահոլովակիս նկարահանման աշխատանքները գրեթե վերջացրել ենք: Ուզում եմ ամսի 15-ին հանդիսատեսին նաև նոր տեսահոլովակս ներկայացնել, եթե մինչ այդ չհասցնեմ, ապա օրեր անց անպայման պրեմիերա կունենամ»:

Երաժշտական գործուներությունից բացի երգչուհին քիչ-քիչ սկսում է այլ գործերով զբաղվել:) Նա, «Pollo» զարդերի խանութի տնօրինուհու' Անուշ Սահակյանի հետ համատեղ հիմնել է «M&P production»-ը: «Շատերը գիտեն, որ տևական ժամանակ է ինչ ես հանդիսանում եմ «Pollo» զարդերի խանութի դեմքը, ու այժմ' ես ու Անուշը որոշեցինք համատեղ փրոդաքշն հիմնել, որն էլ սկզբնական շրջանում կզբաղվի իմ ու նրա գործունեությամբ, իսկ հետագայում արդեն աշխատանքային ծավալները կնդլայնենք»,- նշեց Մարին:

Ի դեպ, նրանց հիմնադրած ընկերության առաջին գործը' սեպտեմբերի 27-ին կայանալիք ցուցադրության կազմակերպումն է, որի շրջանակներում հագուստ և զարդեր են ներկայացնելու: Երգչուհին այդ օրն առաջին անգամ հանդես է գալու որպես մոդել: Միջոցառումը վարելու պատասխանատվությունն էլ նրան է վստահված:
Վիկտորինա
Պատասխանելով երգչուհու առաջադրած հարցին, ինքներդ էլ հնարավորություն կունենաք ներկա գտնվելու նրա' սեպտեմբերի 15-ին կայանալիք համերգին:
Հարց' Հայտնի երգչուհիներից ո՞վ է նկարահանվել Մարիի առաջին' «Երազանք» տեսահոլովակում:
Եթե գիտես ճիշտ պատասխանը, ապա միացիր «Ես»-ի ֆեյսբուքյան էջին և ուղարկիր պատասխանի քո տարբերակը:

Ներկայացրեց Մերի Պողոսյանը