Դերասան ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանների եվրոպական հանգստի մասին esyes.am–ն արդեն պատմել է:
Դերասանները նոր են վերադարձել ամառային հանգստից, բայց արդեն հասցրել են մեզ պատմել իրենց տպավորությունների մասին:
Զույգը երեխաների հետ իրենց ութօրյա հանգիստն անցկացրել է ծովափնյա Սալոմ քաղաքում, այնուհետև չորս օր վայելել Բարսելոնան: «Քանի որ երեխաների հետ էինք սկզբում մեկնեցինք Սալոմ, այնտեղ' ծովի ափին, ավելի պասիվ հանգիստ անցկացրինք, որը փոքրիկների համար ավելի հետաքրքիր էր: Այնուհետև ուղևորվեցինք Բարսելոնա և խելագար գրաֆիկով փորձեցինք հնարավորինս շատ բան հասցնել տեսնել, չնայած, կարծում եմ, Բարսելոնայի համար չորս օրը շա՜տ քիչ է»,- ասաց օրերս հանգստից վերադարձած Մանոն: Ըստ նրա' իրենց հատկապես տպավորել է Գաուդիի ճարտարապետությունը: «Ես ու Սարգիսը շատ երկրներում ենք եղել' Անգլիա, Ֆրանսիա, բայց Իսպանիան մի տեսակ ուրիշ էր կամ գուցե նրանից էր, որ մի փոքր մեզ' հայերիս նման են. շատ ուրախ քաղաք էր, ընդհանուր աշխուժություն էր տիրում: Ֆրանսիայում լինում էին դեպքեր, որ մի նոր բան տեսնելուց բուռն էինք արձագանքում, բարձրաձայն խոսում, այնտեղ տարօրինակ էին նայում մեզ, իսկ այստեղ այդ ամենը բնական էր»,- ավելացրեց Մանոն:
Զույգն անտարբեր չի մնացել նաև իսպանական պարերի, մշակութային կոթողների ու շինությունների, Կարամպլի փողոցի կենդանի արձանների նկատմամբ:
Մանոն ու Սարգիսը Բարսելոնան լավ ճանաչելու համար օգտվել են մետրոյից ու բացօթյա ավտոբուսներից' հնարավորինս շատ բան տեսնելու և քաղաքի շունչն ավելի լավ զգալու համար:
«Իսկապես չորս օրում շատ բան հասցրինք. մետրոյի 12 կանգառներում իջնում էինք, տեղանքն ուսումնասիրում. չնայած որ լեզու լավ չգիտեինք, բայց Սարգիսը հայավարի, ուշադիր նայելով, գտնում էր ելքերը,- մեզ հետ զրույցում ասաց Մանոն' հավելով,- Բարսելոնայում բնակարան էինք վարձել, որ անմիջապես իսպանացիների միջավայրում լինենք, ավելի մոտիկից ծանոթանայինք նրանց նիստուկացին: Այդ ամենը, պատկերացրեք, ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ դերասանի վրա»:
Մանոն Իսպանիայում ունեցած իր տպավորություններից շատ բան ուներ պատմելու, սակայն շեշտը դրեց հատկապես երկու բանի վրա: «Այնտեղ մի քանի բանի հանդիպեցի, որը, կարելի էր ասել, մեզ համար նոր էր ու, ցավոք, մեր երկրում դեռ այդ մակարդակին չենք հասել. առաջին' քաղաքի հարմարվածությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչն էլ նրանց հնարավորություն էր տալիս չմեկուսանալ և բոլոր վայելքներից օգտվել: Բարսելոնան' տրանսպորտից սկսած, բոլոր շենքերով վերջացրած, հարմարեցված էր տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց համար: Երկրորդ' մի օր զբոսնում էինք Իսպանիայի կառավարական շենքի մոտ, ու մեքենաների շարասյուն մոտեցավ, կարծես, իրենց երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն էին, բայց, հավատացեք, քաղաքի այդ հատվածում բնականոն ռիթմը չխառնվեց' ո՛չ ազդանշաններ եղան, ո՛չ մեքենաներին կանգնեցրին, ո՛չ մարդկանց ճանապարհից հեռացրին, այնպես էր, ինչպես հավասարը հավասարին»,- նկատեց դերասանուհին:
Նա ուրախությամբ նշեց նաև այն, որ հայրենիքից այդքան հեռու էլ ճանաչում են Սարգսին, մոտենում ու խնդրում լուսանկարվել նրա հետ:
«Մի բան կասեմ. շատ ենք հավանել Իսպանիան ու, ի տարբերություն, մեր մյուս շրջագայությունների, այս մեկը լրիվ ուրիշ էր, տարբերվում էր: Չնայած նրան, որ իմ ու Սարգսի ակտիվ ռիթմից երեխաները շատ էին հոգնում, բայց դա էլ չխանգարեց ուղղակի վայելել այդ հրաշք երկիրը»,- ոգևորությամբ ավելացրեց Մանոն:
Մանոյի ոգևորությունից ազդված Մերի Պողոսյան :)