Առողջ ատամներ ունենալու համար շատ կսրևոր է խոզանակի ճիշտ ընտրությունը: Վերջինս բերանի խոռոչի խնամքի հարցում կարևոր դեր ունի: Իսկ ի՞նչպես ճիշտ խոզանակ ընտրել: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ:

Երբ նոր խոզանակ եք գնում, անպայման լվացեք օճառով և ողողեք եռացրած ջրով: Ատամները մաքրելուց հետո պետք է խոզանակը լավ լվանալ, թափահարել և թափել վրայի ջուրն ու տեղադրել ուղղահայաց դիրքով:

Խորհուրդ է տրվում օգտագործել միայն արհեստական մազիկներով խոզանակ, քանի որ բնական մազիկները մանրէների ու միկրոօրգանիզմների տարածման օջախ են: Ընդ որում, մազիկները չպետք է շատ խիտ և երկար լինեն:

Խոզանակի աշխատանքային հատվածի երկարությունը պետք է ծածկի 2-2.5 ատամ (շուրջ 18-22 մմ): Կարճ աշխատանքային հատվածով, տարբեր երկարությամբ մազափնջերով և քայքայվածության ցուցիչով խոզանակները նպաստում են ատամներն ավելի լավ մաքրելուն:

Էլեկտրական խոզանակը թույլ է տալիս ավելի լավ մաքրել դժվար հասանելի հատվածներն ու խնայել ժամանակը: Հիշեք, որ միայն ուլտրաձայնային խոզանակն է օգնում մաքրել լնդերի տակ ու ամբողջությամբ հեռացնել ատամնափառը:

Ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ անգամ: Բայց եթե մաքրման ընթաքցում փոխվել է մազիկների ձևն ու դիրքը, ապա խոզանակը պետք է փոխել ավելի շուտ: