Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով: Պետք չէ թերագնահատել բացասական մտքերի ազդեցության ուժը մեր գործունեության վրա: Բավական է միայն ասել «Ինձ մոտ ոչինչ չի ստացվի», «Ես չափազանց թույլ եմ այդ անելու համար» ու այլ նման նախադասություններ, եւ Դուք բացասական էներգիայով եք ողողում Ձեր ճանապարհը, թուլացնում կարողությունները:
Ավելի ուշադիր եղեք, հատկապես երբ սթրեսային վիճակում եք. թվում է՝ ամենից անհարմար պահն է, բայց փորձեք հենց այդ ժամանակ դրական էներգետիկայով բառեր եւ արտահայտություններ գործածել:
Աշխատեք հրաժարվել ընդհանրացնելու սովորությունից: Հաճախ կարելի է լսել նման հայտարարություններ՝ «Ոչ ոք չի հասկանում ինձ», «Բոլոր տղամարդիկ նույնն են», «Երբեք էլ երջանիկ չեմ լինի» և այլն: Ամեն անգամ, երբ պատրաստվում եք խոսքի մեջ կատարել հերթական ընդհանրացումը, մի պահ մտածեք' այնուամենայնիվ, արդյոք բոլորն են, որ Ձեզ չեն հասկանում, թե կա գոնե մի քանի հոգի, որ հասկանում ու սիրում են Ձեզ:
Թեկուզ հանուն նրանց հրաժարվեք այդ մտքերից եւ չեք խոցի Ձեր իսկ էներգետիկ դաշտը:
Մոռացեք «պրոբլեմ», «խնդիր», էլ չենք ասում՝ «հիմնախնդիր» :) բառերի մասին: «Ես պրոբլեմներ ունեմ ընտանեկան կյանքում» (ասում են այն դեպքում, երբ, ասենք, ամուսինը ուշ է աշխատանքից տուն եկել), «Ես պրոբլեմներ ունեմ շանս հետ կապված» (Ասում են, երբ, օրինակ, չգիտեն ինչ վերարկու գնել շան համար). նման օրինակները բազմաթիվ են: Սովորեք ավելի թեթև նայել իրադարձություններին և ճանճից փիղ չսարքել:
Խուսափեք այն արտահայտություններից, որոնք բացասական էներգիան ներկայացնում են իբրև դրական: Սրա առավել վառ օրինակն է հետևյալ խոսքը՝ «Առողջացե'ք, Դուք մեզ առողջ եք պետք»: Կարծես թե սա լավ արտահայտություն է, բայց մի քիչ մտածեք և կտեսնեք, թե իրականում ինչքան բացասական է այն լիցքավորված. ստացվում է, որ մարդը հիվանդ ժամանակ պետք չէ:
Վերացրեք անհնարինության հավատը: «Չեմ կարող», «չի ստացվի», «չի կարելի», «անհնար է»: Այս խոսքերն արտահայտում են որոշակի շրջանակ, որից դուրս մարդը չի ընկալում իր գործելու ունակությունը: Երբ ուզում եք գործածել նման բառեր, որովհետեւ, ասենք, լավ աշխատանք չեք գտնում, շատ ավելի բարոյական է, եթե ասեք «չեմ ուզում» «չեմ կարողի» փոխարեն: Բառերը փոխելով՝ փոխում եք Ձեր ներսի «գաղափարախոսությունը». սրանք փոքրիկ հնարավորություններ են՝ ավելի ուժեղ դառնալու:
Այս ամենով հանդերձ, միշտ հիշեք, որ չի կարելի որևէ բառ ուղղակի ջնջել կամ վերացնել. դրանք չեն կորչում, այլ կարելի է վերաձևակերպել ավելի դրականի: Մի խոսքով, հնարավորինս շրջանցեք «չ» մասնիկը: Շատ կրկնեք՝ «Ես կարող եմ դա անել», «Ես բավականաչափ հնարավորություններ ունեմ դա անելու համար», « Ես կարող եմ փորձ ձեռք բերել այս իրավիճակից»: