Նա այն եզակի դերասանուհիներից էր, որի մասին չէին բամբասում, նրան չէր անդրադառնում դեղին մամուլը. նա միշտ լրագրողների աչքից հեռու է պահել իր անձնական կյանքը: «Երբ ես փոքր էի, մայրս միշտ ասում էր, որ պատշաճ չէ քեզ վրա ուշադրություն գրավել, ի ցույց դնել քեզ… Սա է իմ աշխատելու ոճը, սա էլ կմնա իմ այցեքարտը ամբողջ կյանքում»:

Օդրի Քեթլին Ռասթոնը ծնվել է Բրյուսելում' ազնվականների ընտանիքում: Օդրիի ծնողները բարձրատոհմիկ արիստոկրատ մարդիկ էին, որոնք շատ խիստ էին երեխայի դաստիարակության հարցում: «Եթե ես գիրք գրեմ իմ մասին, ապա կսկսեմ այսպես. «Ես ծնվել եմ 1929թ. մայիսի 4-ին և մահացել երեք շաբաթ անց»»: Երեքշաբաթական Օդրիի սիրտը դադարում է զարկել, բայց մորը հաջողվում է վերադարձնել աղջկան կյանք: Հավանաբար հենց այս պատահարն էլ Օդրիի վրա մեծ ազդեցություն է թողել:

Ընտանիքում անպակաս էին վեճերը, վիրավորանքները: Շուտով Օդրիի հայրը թողում է ընտանիքը և հեռանում: «Երբ հայրս հեռացավ, ես ինձ անպաշտպան զգացի: Այդ զգացումն ինձ հետ էր ամբողջ կյանքիս ընթացքում: Ես հասկանում էի, որ մխիթարանքի կարիք ավելի շատ ունի մայրս, բայց եսասիրաբար մխիթարություն էի փնտրում հենց նրա գրկում»:

Հոր հեռանալուց հետո ընտանիքի հոգսն ընկնում է մոր ուսերին: «Ես շատ էի ուտում, չափազանց շատ: Մենք սովորել էինք լավ կյանքին, և ինձ համար անընդունելի էր, որ պետք է չափավոր սնվենք»: Ոչ միայն Օդրին, այլև նրա մոր երկու զավակները՝ նախկին ամուսնությունից, չէին համակերպվում այն մտքի հետ, որ սնունդը հաշվով էր, և պետք էր մտածել նաև վաղվա օրվա մասին: Մի անգամ Օդրիի մայրն ասում է. «Աղջիկս, հիշիր' իսկական լեդին չպետք է կշռի 46 կգ-ից ավելի: Երդվիր, որ երբեք չես դառնա այնքան գեր, ինչքան ես: Տեսնո՞ւմ ես՝ ինչքան խնդիրներ կարող են առաջանալ դրանից»: Նրա կարծիքով, իր ավելորդ կիլոգրամների պատճառով էր ամուսինը թողել ընտանիքը: Օդրին երդվեց և ամբողջ կյանքում չգերազանցեց 46 կիլոգրամը' հաճախ նաև առողջության հաշվին:

Բաժանվելուց հետո Օդրիի մայրը երեխաների հետ տեղափոխվում է Նիդեռլանդներ՝ Արնակ քաղաք, որտեղ նրանց ընդառաջ է դուրս գալիս Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հետաքրքիր է, որ ինքը՝ Օդրին, ասում է, թե մանկությունն իրոք երջանկություն էր իր համար: Բայց հենց մանկության օրերին աղջիկը հասկացավ, որ ձնծաղիկի արմատները կարող են ուտելիք ծառայել, որ մարդիկ կարող են դաժանաբար սպանել, որ երեխաները կարող են բռնության զոհ դառնալ, որ առնետներն իրականում այնքան էլ վախենալու չեն, եթե նրանց հետ ապրում ես մի քանի ամիս շարունակ: Այս ամենը նրա աներևակայելի դաժան մանկության արդյունքն է, որը Օդրին կոչում է հիասքանչ: 1945-ի սկզբին նացիստների ձեռքն է ընկնում Օդրիի մայրը' այդ ժամանակ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող մի կին, որը համարձակվում է նացիստներին դեմ գնալ և համարձակ կոչեր անել: Նրա եղբորն ուղարկել էին աշխատավորների ճամբար, քեռուն' գնդակահարել: Օդրին հասցնում է փախչել և թաքնվել առաջին հանդիպած նկուղում' խոնավ և առնետներով լի: Այդ նկուղում էլ նա անցկացնում է գրեթե մեկ ամիս' գրպանում ունենալով ընդամենը 6 խնձոր և մի կտոր հաց: Թմբլիկ, կլոր թշիկներով փոքրիկից Օդրին վերածվում է բարակ, հյուծված մի աղջնակի: Սովը չհիշելու համար Օդրին սկսում է կարդալ, շատ կարդալ: Դա այն գրքերն էին, որոնք հայտնվել էին նրա պայուսակում նացիստներից փախչելիս: «Ես երբեք չեմ լացել և չեմ գոռացել: Ես գիտեի, որ հենց գոռամ, կսկսեմ լաց լինել, իսկ եթե լաց լինեմ, ապա այլև կանգ չեմ առնի»,- այդ օրերի մասին հիշում է Օդրի Հեփբերնը:

Պատերազմից հետո նրա մայրը վերադառնում է աշխատանքային ճամբարից և Հեմսթրաների ընտանիքում սկսվում է բոլորովին նոր կյանք: Մայրը սկսում է խոհարարուհի աշխատել, իսկ Օդրին՝ կատարելագործվել պարի ասպարեզում: Նա հաճախում էր պարի դասերի, երբ մի անգամ բոլորովին պատահական ծանոթանում է ռեժիսոր Չարլզ վան դեր Լինդտոմի հետ, ով Օդրիին նվիրեց իր առաջին դերը, իսկ ամբողջ աշխարհին նվիրեց Օդրի Հեփբերնին:

Օդրիի' էկրաններին հայտնվելուն պես, նրան սկսեցին հետևել բազմաթիվ տղամարդիկ: Նրան սիորում էին բոլորը և փորձում արժանանալ աղջկա ուշադրությանը: Նա սովոր չէր այդպիսի ուշադրության և հաճախ շփոթվում, վատ էր զգում իրեն: Մի անգամ՝ հավաքույթներից մեկի ժամանակ, Օդրիին է մոտենում մի գրավիչ երիտասարդ և հարցնում. «Պատասխանեք միայն անկեղծ. որտեղի՞ց Ձեզ այդ աչքերը»: «Գնումների ժամանակ անվճար առաջարկում էին»,-պատասխանում է Օդրին: «Այդ դեպքում ես կգնեմ մի ամբողջ արկղ, որպեսզի փոխենք բոլորի նեղ, փոքր, հոգնած աչքերը: Եթե բոլորը Ձեզ նման աչքեր ունենային, աշխարհին նայելն ավելի հետաքրքիր կլիներ»,- վրա է բերում անծանոթը:

Այս երիտասարդը Ջեյմս Հենսոնն էր, որը հայտնի կնամոլ էր: Նրանց հարաբերությունները գնալով լրջացան: Օդրիի դերերը գնալով շատանում էին, և ժամանակ չէր մնում անձնական կյանքի համար: Իսկ Հենսոնը շտապում էր ամուսնանալ: Նրան հոգնեցրել էին Օդրիի անընդհատ զբաղվածությունը, ճանապարհորդությունները: «Դու հասկանում ես, չէ, որ այսպիսի հաջողությունը չի կարող երկար տևել: Շուտով նրանք կհասկանան, որ ես անպետք դերասանուհի եմ, և դուրս կշպրտեն ինձ: Իսկ մինչ այդ ես ուզում եմ օգտվել հնարավորությունից: Մի խլիր ինձնից այդ շանսը»,- խնդրում է Օդրին Հենսոնին:

Նրանց հարաբերություններն այլևս շարունակություն չունեցան:

Մի քանի փոքրիկ դերերից հետո, երբ Օդրին փոքրիշատե ճանաչված էր, ամերիկացի ռեժիսոր Ուայլերը որոշում է նրան վստահել արքայադուստր Աննայի դերը «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում, որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, «Օսկար» և ծանոթություն ապագա ամուսնու հետ: Ֆիլմի մյուս գլխավոր դերասանը Գրեգորի Պեկն էր, որն արդեն իսկ կինոաստղ էր համարվում: Սկզբում նախատեսված էր ֆիլմի անվան վերևում մեծ տառատեսակով գրել Պեկի անունը, իսկ Օդրիինը ներքևում' փոքրիկ տառատեսակով: Պեկը զանգահարում է պատասխանատուներին և հասնում նրան, որ Օդրիի անունը գրեն այնպես, ինչպես իրենը: Թերևս նա գիտեր, որ Օդրին այդ դերի համար «Օսկար» է ստանալու:

1953թ Օդրին «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում «Օսկար»-ի է արժանանում: «Ես չէի սպասում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում էին ինձ այս վերջին ամիսներին, օգնում էին գտնել իմ ուղին: Ես այնքան երջանիկ եմ»,- ասում է Օդրին բեմից:

Երբ Օդրիին ծանոթացնում են ռեժիսոր, դերասան Մել Ֆեռերի հետ, վերջինս արդեն երեք անգամ ամուսնացած էր, չորս երեխա ուներ: Հենց առաջին խոսակցությունը Մելը սկսում է այսպես. «Դուք, անխոս, գեղեցիկ եք, բայց ես խորհուրդ կտայի…»: Եվ այսպես սկսում է կատարելագործման խորհուրդներ տալ Օդրիին: Իսկ Օդրին գնահատեց նրա անկեղծությունը: Այդպես էլ սկսվեցին նրանց հարաբերությունները, որոնք շարունակվեցին 13 տարի և Օդրիի համար նշանակեցին բազմաթիվ չխաղացած դերեր, 5 վիժում և կոտրված ինքնագնահատական: Նա այնքան էր զգում ուշադրության, հոգատարության կարիք, որ թույլ տվեց Մելին կառավարել իրեն: Մելն էր նրա փոխարեն հարցազրույցներ տալիս, պայմանավորվում պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Նա էր որոշում, թե որ ֆիլմում Օդրին խաղա, իսկ որում' ոչ: Հետագայում Օդրին հայտարարեց, որ առանց Մելի չի նկարահանվի ընդհանրապես: Վերջինս միշտ բացասաբար է ազդել դերասանուհու ինքնագնահատականի վրա:

«Ամեն անգամ նրա նկատողություններից, ուղղումներից հոգնած' ես հարցնում էի' չէ՞ որ ես այդքան էլ վատը չեմ: Իսկ նա պատասխանում էր,որ իհարկե վատը չեմ, բայց այնքան լավն էլ չեմ, ինչքան, որ զգում եմ»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է Օդրին: Նա հետևում էր Օդրիի յուրաքանչյուր քայլին, նայվածքին, հագուկապին, ամեն-ամեն ինչին… Օդրին անընդհատ փորձում էր հղիանալ, բայց լարված կյանքից կամ ամուսնու հետ անհանգիստ հարաբերությունների պատճառով չէր ստացվում: Մինչև նրանց որդու' Շոն Ֆեռերի լույս աշխարհ գալը' 1960թ., Օդրին երկու անգամ վիժել է: Սակայն երեխայի ծնունդով զույգի հարաբերությունները չեն կարգավորվում: Շոնից հետո ևս երեք անհաջող հղիություն, և զույգը բաժանվում է: Մելն այդպես էլ չէր կարողանում հաշտվել կնոջ հաջողությունների հետ:

Բաժանությունից ուշքի գալու և նյարդերը հանգստացնելու համար Օդրին որոշում է ժամանակավորապես թողնել կարիերան և զբաղվել իր առողջությամբ, տղայի դաստիարակությամբ: Հունական կղզիներից մեկում Օդրին հանդիպում է եզակի գեղեցկությամբ օժտված մի իտալացու' Անդրեա Դոտտիի հետ: Ծանոթանում են նրանք բոլորովին պատահական' զբոսնելիս, բայց շուտով Անդրեան դառնում է Հեփբերնի հոգեբույժը: Բուժումն այնքան հաճելի և հեշտ է անցնում, Անդրեան այնքան քնքուշ ու հոգատար է լինում Օդրիի հանդեպ, որ մեկ տարի հետո զույգն ամուսնանում է, իսկ Օդրին' հղիանում: Նա այնքան էր ուզում լույս աշխարհ բերել փոքրիկին, որ հղիության 9 ամիսներից 6-ը անցկացնում է պառկած, որպեսզի ոչ մի դեպքում չվնասի նրան: «Ես միշտ երազել եմ երեխաներ ունենալ: Մեզ ոչ թե պարզապես սեր է անհրաժեշտ, այլ մենք ինքներս կարիք ենք զգում սիրելու, հոգ տանելու, նվիրվելու»: Արդյունքում ծնվեց նրա երկրորդ տղան' Լյուկ Դոտտին:

Սկզբում հարաբերությունները բնական հունով էին ընթանում, իսկ հետո Օդրին ամեն առավոտ թերթերում տեսնում էր իր ամուսնու և թեթևաբարո կանանց լուսանկարներ: Ի պատասխան Օդրիի հարցին, թե արդյոք այդ կանայք իրենից լավն են, ամուսինը պատասխանում էր, որ նա իր կինն է, իսկ մնացածը' իր սխալները: Օդրին կրկին դառնում է նյարդային:

6 տարի ամուսնու արարքները հանդուրժելուց հետո նա վերցնում է երեխաներին և տեղափոխվում Շվեյցարիա, վերադառնում մեծ էկրան: Նրան առաջարկում են կանացի լավագույն դերերը լավագույն ֆիլմերում և լավագույն խաղընկերների հետ: Նա նկարահանվում է բրիտանական «Ռոբին և Մերիանը» ֆիլմում' Շոն Կոներիի հետ, «Իմ հիասքանչ լեդին» ֆիլմում' Ռեկս Հարիսոնի հետ, «Ինչպես միլիոն գողանալ» ֆիլմում' Պիտեր Օ’տուլի հետ, նրա վերջին դերը Սթիվեն Սպիլբերգի «Միշտ» ֆիլմում էր' 1989թ.: Օդրիին սիրավեպեր էին վերագրում նրա գրեթե բոլոր խաղընկերների հետ:

 

«Ընդհանրապես պետք է մի փոքր սիրահարված լինես խաղընկերոջդ: Եթե դուք պատրաստվում եք սեր ցուցադրել, դուք պետք է զգաք դա: Բայց պարտադիր չէ այն զգալ նաև բեմահարթակից այն կողմ»,- ասում է Օդրի Հեփբերնը: Այս թվականից Օդրին դադարում է նկարահանվել ֆիլմերում և սկսում լուրջ զբաղվել բարեգործությամբ Unicef կազմակերպության հետ: Նա այցելում էր Աֆրիկայի, Ամերիկայի, Բանգլադեշի, Վիետնամի ամենախուլ վայրերն ու օգնություն ցուցաբերում մարդկանց: Նա անում էր ամեն ինչ, որպեսզի աղքատ և հիվանդ երեխաներն անելի քիչ լինեն:

50 տարեկանում Օդրին վերջապես գտնում է իր երազանքների տղամարդուն' Ռոբերտ Ուոլդերսին: Վերջինս հանգիստ և քնքուշ անձնավորություն էր, նախկին դերասան և պրոդյուսեր նաև հոլանդացի, ինչպես և Օդրին:

 

Նրանք շատ ընդհանուր բաներ ունեին: Ռոբերտը փողի խնդիր չուներ և նրան չէր հետաքրքրում կնոջ ֆինանսական դրությունը: Առաջին անգամ Օդրին հասկացավ, որ կարիք չկա կաշվից դուրս գալու' սիրելիիդ գոհացնելու համար: Ուոլդերսը երջանիկ էր միայն նրանից, որ Օդրին իր կողքին էր:

Օդրին ամբողջովին նվիրվեց ընտանիքին և այն բոլոր մանուկներին աշխարհի ամենատարբեր ծայրերում, ովքեր զգում էին իր կարիքը:

Իր ստեղծագործական կյանքում Օդրին ստացել է բազմաթիվ մրցանակներ հեղինակավոր մրցանակաբաշխություններում, ինչպես' «Օսկար», «Գրեմմ», «Էմմի», «Ոսկե գլոբուս» և այլն: Իր բարեգործական աշխատանքի շնորհիվ նույնպես արժանացել է ամենաբազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, շքանշանների: 1993թ. հունվարի 20-ին շվեյցարական փոքրիկ քաղաքում մահանում է դեռ 64-ը չլրացած Օդրի Հեփբերնը:

Նա առաջին հերթին կին էր, կին, որի համար խենթանում էին գրեթե բոլորը, որը դարձել էր ոճի իկոնա: Նրան փորձում էին նմանվել, նրան պաշտում էին և նույնիսկ աստվածացնում: Նա երբեք չի համարվել սեքս խորհրդանիշ, նա պարզապես եղել է հմայիչ լեդի, որի գեղեցկությունը հիացնում էր բոլորին, իսկ անկեղծությունն ու միամտությունը' զարմացնում:

«Ինձ միշտ սովորեցրել են, որ ես ապրում եմ մարդկանց օգնելու, ինչ-որ բանով այս աշխարհը դեպի լավը տանելու համար: Ես երբեք այնքան երջանիկ չեմ եղել, որքան հիմա»,- իր կյանքի վերջին հարցազրույցներից մեկում ասում է Օդրի Հեփբերնը:

Ես հպարտանում եմ, որ զբաղվել եմ մի գործով, որը հաճույք է պատճառում, գեղեցկություն է ստեղծում, արթնացնում է խիղճը, կարեկցանք է առաջացնում և թերևս ամենակարևորը' միլիոնավոր մարդկանց հնարավորություն է տալիս հանգստանալ մեր այս դաժան աշխարհից:

Վստահության համար գնա այն գիտակցությամբ, որ դու մենակ չես:

Կյանքը ասես վազք է թանգարաններով:

Ես երբեք չեմ ուզել բաժանություն: Ես տանել չեմ կարողանում «ամուսնալուծություն» բառը: Ես ամբողջովին կծկվում եմ, երբ ինձ մոտ արտասանում են այն: Ես ուզում էի ամուսնանալ մեկ անգամ և ընդմիշտ:

Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ստիպում են ինձ ծիծաղել: Դա բուժում է հազարավոր հիվանդություններ: Հնարավոր է, որ հենց դա է ամենակարևորը մարդու մեջ:

Եթե քեզ օգնության ձեռք պետք լինի, իմացիր, որ դու այն ունես. դա քո սեփականն է:

Ես ծնվել եմ սիրո աննկարագրելի կարիքով և սիրելու կրքոտ ցանկությամբ:

Կնոջ գեղեցկությունը մեծանում է տարիների հետ:

Կնոջ գեղեցկությունը հոգատարության, սիրո մեջ է, որը նա տալիս է շրջապատին, կրքի մեջ է, որը նա չի թաքցնում:

Արցունքները կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ, քան ժպիտը: Ժպտում ենք մենք գրեթե բոլորին, իսկ լացում ենք միայն նրանց համար, ում սիրում ենք:

Որպեսզի շուրթերը գեղեցիկ լինեն, արտասանեք միայն բարի բառեր: Որպեսզի աչքերը գեղեցիկ լինեն, փնտրեք մարդկանց մեջ միայն ամենալավը: Որպեսզի գեղեցիկ կազմվածք ունենաք, միշտ կիսեք Ձեր ուտելիքը քաղցածների հետ:

Նելլի Ղարիբյան