Դնեպրոդերժինսի հասարակ Գալուշկան, աշխատասեր ուսանողուհին ու «գյուղացու» բնավորությամբ աղջնակը բոլորովին պատահմամբ բարձրացավ բեմ: Բայց երբ նա երգեց առաջին անգամ, բոլորը հասկացան, որ դեռ երկար է երգելու:

Դնեպրոդերժինսկում քչերն էին հավատում, որ իրենց Վերա Գալուշկան մի օր կդառնա Վերա Բրեժնևա ու կանվանվի ԱՊՀ երկրների ամենասեքսուալ կինը:

«Ես մեծացել եմ մեծ ու համերաշխ ընտանիքում երեք գեղեցկուհի քույրերիս հետ: Մանկուց զբաղվել եմ ամենատարբեր բաներով, այցլելեմ եմ զանազան պետքական ու անպետք խմբակներ' ասեղնագործության դասերից մինչև մեքենագրական կուրսեր, ձեռքի գնդակ, բասկետբոլ, կարատե, գիմնաստիկա: Բայց ամենից շատ սիրում էի տեղի Պատանի հանդիսատեսի թատրոնին կից խմբակը, որ իմ մեջ առաջացրեց արվեստով զբաղվելու ցանկություն և տվեց մի քանի անգամ բեմում ելույթ ունենալու հնարավորություն», -հիշում է Վերա Բրեժնևան:

Վերայի մայրը պատմում է, որ աղջիկը ձգտելիս է եղել հասնել բացարձակապես ամեն ինչի. «Նա հսկայական պլաններ ուներ ու կյանքի էր կոչում մտքին եկածը: Ես մեր խղճուկ հնարավորությունների սահմանում ամեն կերպ օգնում էի նրան: Բայց նա միշտ ինքն էր գումար վաստակում իր բոլոր կուրսերի ու դասընթացների համար. աշխատում էր կանաչապատման գրասենյակում, թմբեր էր ջրում, երեկոները ուրիշների երեխաներին էր պահում' դայակությամբ էր զբաղվում»:

Երբ Վերան դեռ դպրոցահասակ էր, նրա մեծ քույրը' Գալյան, ամունացավ ու մեկնեց Հունաստան, բայց մինչ այդ ընտանիքում ծնվել էին զույգեր' Վիկան ու Նաստյան, որոնք մինչ օրս էլ ապրում են ծնողների հետ Ուկրաինայում ու կարծում են, որ Վերան չափազանց տաղանդավոր է ու արժանի այն փառքին, որ ունի, քանի որ նա դեռ մանկապարտեզից առանձնացել է իր շրջապատում:

Եվ իրոք, փոքրիկ Վերային հիշում է ողջ Դնեպրոդերժինսկը: Այնտեղ թե' մանկապարտեզում, թե' դպրոցում, թե' համալսարանում ոչ մի միջոցառում չի կազմակերպվել ու իրականացվել առանց Վերայի մասնակցության: Քույրերը պատմում են, որ Վերան դպրոցում հատկապես լավ է կատարել Բաբա-Յագայի դերը, որից բոլորը խուսափելիս են եղել:

Վերայի դասարանցիներն էլ հիշում են, որ նա երբեք էլ թանկ հագուստներ չի ունեցել, բայց միշտ աչքի է ընկել գեղեցկությամբ: Ի դեպ, նա բնական շիկահեր է, ժառանգել է հորից: Դասարանցիները, սակայն, պատմում են նաև, որ դպրոցն ավարտելուց հետո Վերան ինչ-որ տեղ է անհետացել. երկար ժամանակ ոչինչ չեն լսել նրա մասին, իսկ հետո վերադարձել է փոքրիկ Սոնյայի հետ ու լրիվ վերափոխված' խնամված ու թանկ հագուստներով: Ծննդավայրում բոլորը սկսել են խոսել հարուստ սիրեկանի մասին: Մինչդեռ Վերայի մայրը բացատրում է. «Ոչ մի հարուստ սիրեկան էլ չի եղել: Վերան Հունաստան էր գնացել' քրոջ մոտ, այնտեղ էլ իր համար թանկ զգեստներ էր գնել: Իսկ ինչ վերաբերում է ընկերոջը, այո, պարզ է, որ Սոնյան առանց հոր չի ծնվել, բայց այդ տղան հիասթափեցրել է Վերային, և նրանք շատ շուտ բաժանվել են, իսկ Սոնյային մենք որոշեցինք թողնել: Ես չորս դուստր եմ ունեցել, հիմա էլ սիրով թոռնիկիս եմ պահում: Նա ինձ մամա է ասում, իսկ Վերային' մայրիկ»:

Այսպես է ընթացել Վերայի մանկությունն ու պատանեկությունը, բայց ամեն ինչ փոխվեց մի ակնթարթում:

Ուկրաինացի գրող Իվան Կուպալայի անվան տոնի առիթով Վիա Գրա խումբը ելույթ էր ունենում Դնեպրոպետրովսկի շրջանի երիտասարդների համար: Համերգին ներկա էր նաև երրորդ կուրսի ուսանողուհի Վերան: Երբ ոգևորված հանդիսատեսը ելույթի վերջում բեմ սկսեց բարձրանալ' երգելու Վիա Գրայի հետ, բեմին հայտնվեց նաև Գալուշկան: Մի քանի տող երգելով «Փորձ համար 5» երգից, շարժվելով երաժշտությանը համահունչ ու ցույց տալով իր գեղեցիկ ոտքերը' Վերան գրավեց Վիա Գրայի պրոդյուսերներ Դմիտրի Կոստյուկի ու Կոստանտին Մելաձեի ուշադրությունը, ովքեր այդ շրջանում փնտրում էին նոր մենակատար խմբից հեռացած Աննա Վիննեցկայայի փոխարեն: Երբ Վերան իջավ բեմից, Կոստյուկը անձամբ խնդրեց նրա հեռախոսահամարը: Վերան առանց անգամ հույս ունենալու, որ իրեն կզանգահարեն, տվեց համարը: Ահա թե ինչու, երբ նրան զանգեցին Կիևից ու հրավիրեցին լսումների, նա ականջներին չհավատաց: Թե ինչ եղավ հետո, պատմում է մայրը. «Դուրս եկավ տնից ու ոչինչ չասաց, խոստացավ, որ հետո կպատմի: Ես վստահում եմ նրան, թողեցի որ գնա: Մի քանի օրից զանգահարեց' մամ, ես սպասում եմ վճռին' կզբաղվեն ինձ հետ, թե ոչ: Իսկ ժամեր անց խոսափողից լսեցի Վերայի երջանիկ ձայնը' ինձ երկու ամիս են տվել, մամ, փորձաշրջան»:

Վերա Գալուշկային փորձաշրջան տրվեց: Նշանակվեցին մասնագետներ, ովքեր պետք է երկու ամիս աշխատեին հետը: Երբ բեմական արվեստի դասավանդողը տեսավ Վերային, ասաց, որ հենց այդ վայրկյանին կգնա Կոստանտին Մելաձեի մոտ ու կասի, որ այդ աղջնակից ոչինչ դուրս չի գա: Վերան կատարյալ «գյուղացու» արտաքին ու պահվածք ուներ, բավական գեր էր Վիա Գրայի համար ու կոպիտ շարժուձև ուներ: «Նա սկսեց գրեթե աղաչել ինձ, ասաց, որ անհնարը կանի, միայն թե աշխատեմ հետը: Ես խղճացի նրան», - պատմում է բեմական արվեստի մասնագետը: Վերային տրվեց շանս, և նա ոչ միայն արդարացրեց, այլև գերազանցեց սպասելիքները. «Ես հասկանում էի' կամ հիմա, կամ երբեք: Աշխատում էի ինձ վրա ամեն վայրկյան, նիհարում էի' հասկանալով, որ եթե այդ շանսը չօգտագործեմ, ուրիշը կարող է պարզապես չլինել»:

Վերա Գալուշկային տեղ տրվեց խմբում, բայց Գալուշկա ազգանունը բնավ էլ բեմական չէր, չէ՞որ այդ ազգանվան պատճառով նրան հաճախ անգամ դպրոցում էին ծաղրում, էլ ու՞ր մնաց Վիա Գրայի կազմը: Կոստյուկը հենց այդպես էլ ասաց. «Ազգանվան հետ պետք է ինչ-որ բան անել: Գալուշկան չի լինի: Դու որտե՞ղ էիր ծնվել»:

«Դնեպրոդերժինսկում»,-պատասխանեց Վերան: Կոստյուկը շարունակեց. «Լեոնիդ Բրեժնևի հայրենիքու՞մ…, - ու կատակեց, - պատահմամբ կապ չունե՞ս գլխավոր քարտուղարի հետ»: Վերան բացասաբար շարժեց գլուխը, իսկ Կոստյուկը բացականչեց. «Օ, իսկ դա լավ գաղափար էր: Կլինես Բրեժնևա»:

Վերա Բրեժնևայի՝ խմբում հայտնվելու հենց առաջին պահից կանանց այս կոլեկտիվի անունը թնդաց, բոլորը միաբերան հաստատեցին, որ իդեալական կազմը գտնված է: Կոստանդին Մելաձեն ինքը խոստովանեց. «Երբ ես միասին տեսա Նադյային, Աննային ու Վերային, հասկացա' դա իդեալն է, որ փնտրում էի: Հասկացա, որ հիմա մեգափառքի կարժանանք, կունենանք լավագույն խումբը: Սկսեցինք աշխատել ֆանտաստիկ արագությամբ, այլ երաժշտություն գրել, այլ բան ստեղծել, այլ տեսահոլովակներ մտածել: Մեզ ոչ ոք ու ոչինչ չէր խանգարում, որովհետև հրաշք էր կատարվել. հոգիների բացարձակ համապատասխանություն էր ստեղծվել»:

Այո, և պատահական չէ, որ Վերա Բրեժնևա, Նադեժդա Գրանովսկայա, Աննա Սեդակովա տրիոն կոչվեց Վիա Գրայի ոսկե կազմ: Համատեղ առաջին լուրջ գործերից մեկը՝ «Մի լքիր ինձ սիրելիս» հիթը, երկար ժամանակ առաջին հորիզոնականներն զբաղեցրեց երգի ամենատարբեր մրցույթներում:

2006-ին Վերան ամուսնացավ ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի հետ ու հայրական ազգանունը փոխեց Կիպերմանով:

Հաջորդ տարի ամուսնությանը անսպասելիորեն հաջորդեց Վիա Գրան լքելու և մեներգչուհու կարիերա սկսելու Վերայի որոշումը: Երեք տարի անց Վերան լույս աշխարհ բերեց երկրորդ դստերը' Սարային, իսկ այս տարվա հոկտեմբերին պաշտոնապես հաստատեց պտտվող լուրերն այն մասին, որ բաժանվում է ամուսնուց:

Այժմ նրա կարիերան զարգանում է աննախընթաց թափով: «Սերը կփրկի աշխարհը» ու «Իրական կյանք» երգերը նրա ներկա պահի լավագույն հիթերն են, որոնցով նա անընդհատ շրջագայում է տարբեր երկրներում:

 

Վերջերս նրան լսելու հնարավորություն ունեցանք նաև Հայաստանում: Այլ բան է, որ Վերայի, ապա նաև Աննա Սեդակովայի հեռանալը Վիա Գրայից հետզհետե քայքայեց խումբը: Եվ եթե այժմ խմբից հեռացած անդամները հանգիստ զբաղվում են իրենց կարիերայով, ապա նույնը չի կարելի ասել խմբի մասին: Խոսակցություններ են պտտվում, թե «ոսկե կազմի» քայքայումից հետո, իսկ հիմա մանավանդ, ԱՊՀ երկրների ամենասեքսուալ կանանց խումբն ապրում է իր վերջին օրերը:

Ապրում եմ նրանց համար, ում պետք եմ, ընկերանում եմ միայն նրանց հետ, ում վստահում եմ: Շփվում եմ նրանց հետ, ում հետ հաճելի է: Շնորհակալ եմ նրանցից, ովքեր գնահատում են:

Ինչ հիանալի է, երբ վերադառնում եմ տուն: Իմ քաղաքը, իմ հողաթափերը, իմ բարձը…

Կերեք ու ալարեք, ինչքան ուզում եք, միայն թե հետո մի գանգատվեք ավելորդ քաշից ու վատ առողջությունից:

Չի կարելի վերադառնալ անցյալ ու փոխել սկիզբը, բայց կարելի է սկսել այս պահից ու փոխել վերջը:

Առաջինը հեռանում է նա, ով ավելի ուժեղ է:

Չէի ասի, թե ծնողներս շատ խիստ են եղել. չէ՞ որ նրանք կրել են չորս գեղեցկուհիների հոգս միանգամից: Ամեն դեպքում հայրս ավելի չոր մարդ է, իսկ մայրս' մեղմ ու հոգատար:

Կուզեի դուստրերիս հետ ավելի խիստ լինել, բայց դա գրեթե չի ստացվում: Ես այնքան զբաղված եմ, որ նրանց հետ անցկացրածս ողջ ժամանակը տրամադրում եմ նվերներին, փաղաքշական խոսքերին ու հոգատարությանը:

Գուցե տարօրինակ լինի լսել այս խոսքերը ինձնից, բայց ես հավատում եմ, որ սերը կփրկի աշխարհը : )))

60 տարեկանում ինձ դժվար կլինի մնալ ԱՊՀ-ի ամենասեքսուալ կինը, բայց ես մի բան կմտածեմ:

Լարա Առաքելյան