Գեղեցիկ ատամնաշարը ոչ միայն բնության պարգեւ է, այլ նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունք: Ճերմակափայլ ժպիտ ունենալու համար անհրաժեշտ է կատարել ատամների սպիտակեցում՝ դիմելով մասնագետի եւ մասնագիտական միջոցների: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում ատամների սպիտակեցման մի քանի արդյունավետ եղանակ:
1. Ֆոտոսպիտակեցում: Ֆոտոսպիտակեցման ժամանակ ատամների վրա քսվում է պերօքսիդ թթվածնային գել, որի ազդեցությունն ակտիվանում է լույսի օգնությամբ, այսինքն՝ վառ լույսի ներքո գելից սկսում է դուրս գալ թթվածին, որն էլ հենց նպաստում է ատամների սպիտակեցմանը:
2. Լազերային սպիտակեցում: Լազերային ճառագայթներն ավելի արդյունավետ են, դրանք յուրաքանչյուր ատամի վրա առանձին-առանձին ներգործում են: Այս դեպքում հաճախորդն ստանում է կրկնակի արդյունք, բացի սպիտակեցումից ատամնաշարը նաեւ ամրանում է: Սպիտակեցման արդյունքը յոթ տարի կպահպանվի, եթե չծխեք եւ չօգտագործեք սուրճ:
3. Ուլտրաձայնային սպիտակեցում: Այս դեպքում սպիտակեցումը տեղի է ունենում ներսից, դրա համար էլ նորմալ խնամքի դեպքում այն մինչեւ կյանքի վերջ կպահպանվի: Սպիտակեցման ընթացքում կիրառվում է հատուկ սպիտակեցնող պրեպարատ, որը հանգիստ կարելի է կիրառել անգամ շատ զգայուն ատամների էմալ ունեցողների դեպքում:
4. Պրոֆեսիոնալ մաքրում: Մասնագետները խորհուրդ են տալիս մեկ կամ կես տարին մեկ դիմել ատամների պրոֆեսիոնալ մաքրման, ինչի շնորհիվ կխուսափեք բերանի խոռոչի եւ ատամների հիվանդությունից:Մաքրումը չի սպիտակեցնում ատամները, պարզապես վերականգնում է նրանց նախկին գույնը, վերացնում է ատամնաքարերը, ատամնաշարը դարձնում փայլուն եւ հարթ:
5. Ամենօրյա խնամք: Որպեսզի ատամները լինեն առողջ եւ գեղեցիկ, անհրաժեշտ է օգտագործել լավ եւ որակյալ ատամի մածուկ: Շնորհիվ արտադրողների երեւակայության՝ ատամների խնամքը դարձել է նույնիսկ հաճելի: Կարող եք ընտրել ամենատարբեր համեր ունեցող ատամի մածուկ:
Շողիկ Գալստյան