Մոտ չորս տարի առաջ հեռուստաէկրան «բարձրացավ» երիտասարդների բանակային կյանքը ներկայացնող, հումորային «Բանակում» հեռուստասերիալը: Նշված սերիալում Համբարձումի, Մելոյի, Մինասի կողքին մեզ ներկայացավ մի քիչ ուրախ, մի քիչ տխուր Ջամշոյանը, ում մարմնավորում էր դերասան Գոռ Մարտիրոսյանը: Այս սերիալի «Քաղաքում» վերանվանվելուց հետո էլ շատ կերպարների, այդ թվում՝ Ջամշոյանին, տեսանք արդեն քաղաքացիական հագուստով ու առօրյա կյանքում: Սակայն այժմ դերասանն այլևս չի նկարահանվում սերիալում:
esyes.am-ի հետ զրույցում Գոռը նշեց, որ արդեն 3-4 ամիս է՝ չկա նախագծում: «Չեմ նկարահանվում, որովհետև հոգնել եմ այդ կերպարից: Այժմ ուրիշ բան եմ ուզում խաղալ»,- ասաց Գոռն ու նշեց, որ այսուհետև կցանկանա խաղալ ներքուստ ուրախ մարդու կերպար, ով մի փոքր դժբախտ է ու սպասումներով լի:
34-ամյա Գոռի խոսքերով' դեռևս առաջարկներ չունի այլ սերիալներից, փոխարենը շարունակում է հրավերներով երգել ռեստորանային համալիրներում, նաև հանդիսություններ է վարում: «Առաջարկներ չկան, որովհետև ժամանակին շատերին եմ մերժել: Ճիշտ է, այժմ «Քաղաքում» սերիալում չեմ նկարահանվում, բայց Շանթում գրանցված աշխատող եմ: Սակայն համապատասխան առաջարկ լինելու դեպքում կարող եմ նկարահանվել ցանկացած հեռուստատեսության սերիալում: Չի բացառվում նաև, որ նոր առաջարկ լինի Շանթից»,- ասաց Գոռը, ով ավարտել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ երգեցողություն դասեր քաղել է Նադեժդա Սարգսյանի' Մշակույթի պետական քոլեջում: Գոռը նաև «Դո ռե մի» մրցույթի դափնեկիր է:
Հարցին՝ երգչի՞ աշխատանքն է ավելի հոգեհարազատ, թե՞ դերասանինը, Գոռը հետևյալը պատասխանեց. «Ինձ համար եթե դերասանը չերգեց, ուրեմն նա թերի է: Այո, երգիչը կարող է չխաղալ, իսկ դերասանի համար երգը նույնպես խոսք է: Դերասանի համար շատ կարևոր է երգի յուրաքանչյուր խոսքը և բովանդակությունը»:
Գոռից հետաքրքրվեցինք նաև՝ երբևէ ցանկություն չի՞ ունեցել տեսահոլովակով ներկայանալու իր հանդիսատեսին: «Ցանկություն ունեցել եմ այն ժամանակ, երբ դեռ հնարավորություն չունեի: Իսկ այժմ, երբ հնարավորություն ունեմ տեսահոլովակ նկարահանելու, մտածում եմ՝ ինչի համար նկարահանեմ ու մի հատ էլ իմ գրպանից փող տամ, որ այն ցուցադրեն հեռուստատեսությամբ: Իսկ եթե մի օր էլ գումարն ուշացնեմ' չցուցադրեն: Այսպես թե այնպես, ես օրվա մեջ մի քանի ժամ եթերում եմ եղել ու դրա համար իրենք են ինձ վճարել, ոչ թե ես»,-ասաց դերասանը:
Նրա խոսքերով' թեև պաշտում է թատրնոը, կուլիսների հոտն ու մթությունը, սակայն երեսուն հազար դրամի համար չի ցանկանում իր երիտասարդ կլյանքը կործանել թատրոնում: «Թատրոն կմտնեմ այն ժամանակ, երբ ամեն ինչով ապահովված կլինեմ և իմ աշխատավարձն էլ կնվիրաբերեմ որևէ մանկատան»,- ավելացրեց նա:
Անձնական կանքի մասին խոսելիս Գոռը նշեց, որ մտածում է այն դասավորելու մասին. «Պարզապես դեռ չկա այն մարդը, ում հետ կկարողանամ իմ կյանքը կապել: Այսքան տարվա ընթացքում չեմ սխալվել ու հիմա էլ չեմ ցանկանա ամուսնանալ միայն ամուսնանալու համար: Իմ սիրտը լրիվ ազատ է»,- նշեց դերասանն ու հավելեց, որ իրենց տանը ևս հաճախ են հարցնում' երբ ես ամուսնանալու: