Esem.am-ը գրում է.



Ի՞նչ են խոսումդերասանուհի Անահիտ Մութաֆյանը կոնֆլիկտ է ունեցել «Անցյալի ստվերներ» սերիալի պրոդյուսերի հետ, ինչի պատճառով էլ այլևս չի նկարահանվում սերիալում:

 

 

 

 

Իրականում. ESem.am-ին հասած տեղեկության իսկությունը պարզելու համար խոսեցինք Անահիտի հետ, ով անկեղծորեն պատասխանեց մեր բոլոր հարցերին: Դերասանուհու խոսքով՝ կոնֆլիկտի նման մի բան է եղել, թեև ինքը  կոնֆլիկտային մարդ չէ: «Խնդիրն առաջացավ նրանից, որ ես բողոքեցի՝ ասելով, որ չի կարելի դերասանին օրական 14 ժամ պահել նկարահանման հրապարակում, էլ չեմ ասում՝ քիչ աշխատավարձով»,- ասաց Սունդուկյան թատրոնում աշխատող Անահիտը և հավելեց, որ իր բողոքը միայն դրանով չի ավարտվել. հունվար ամսին, ստանալով դեկտեմբերի աշխատավարձը, դերասանուհին պարզել է, որ անօրինական պահումներ են արվել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար. «Ես ի սկզբանե դեմ եմ եղել դրան ու առաջին զոհերից մեկը դարձա»: Անահիտի խոսքով՝ երբ բողոքել է պրոդյուսերին, վերջինս առաջարկել է երկու ամիս դադար վերցնել, չնկարահանվել ու նորից սերիալ վերադառնալ, սակայն Անահիտը մերժել է: «Երբ ասացի, որ համաձայն չեմ ու դուրս եմ գալիս սերիալից, լսեցի հետևյալ պատասխանը՝ անփոխարինելիներ չկան, կան ավելի էժան գնով նկարահանվող դերասաններ,- ասաց դերասանուհին՝ հավելելով,- ես չեմ պատրաստվում համագործակցել նրանց հետ,  ովքեր չեն հարգում ինձ ու իմ մասնագիտությունը»:

 

 

 

 

Ըստ Անահիտի՝ այժմ իր գործունեությունը ծավալում է թատրոնում, սակայն եթե խելացի ու լավ առաջարկ լինի, անպայման կնկահարանվի. «Կարծում եմ՝ դերասանի համար մեծ բան է էկրանին լինելը, սակայն այժմ հեռուստադիտողը կարող է մի փոքր հանգստանալ ինձնից, որովհետև հինգ տարի անընդմեջ հեռուստաէկրաններին եմ եղել»:

 

 

Անահիտը պատմեց նաև, որ մայիսին ու հունիսին թատերասերներին կներկայանա պրեմիերաներով: «Այժմ մոնո ներկայացման փորձեր են արվում: Ես կխաղամ հայրիկիս գրած «Ճեպընթաց» գործը, որը մի կնոջ կենսագրություն է, ով սպասում է իր ճեպընթացին, որն այդպես էլ այն չի գալիս»,- ESem.am-ին փոխանցեց Անահիտը՝ նշելով, որ արդեն ավարտել է իր երրորդ պիեսի աշխատանաքները. այն կոչվում է «Հայաստանս» և պատմում է այսօրվա խնդիրների, արտագաղթի մասին:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը