Մոտենում են ամանորյա տոները ու Այծի տարին շուտով կթակի բոլորիս դուռը: Մինչ այդ՝ անցնող՝ Ձիու տարին ամփոփել ենք հայտնի Ձիուկների հետ: Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի փոխանցմամբ` տարվա սկզբից էլ զգացվել է, որ իր տարին է: Անահիտը 2014-ին հաջողությունների պակաս չի ունեցել: «Ավելի շատ լավ ու դրական բաներ եղան, քան ես սպասում էի»,-ESem.am- ի հետ զրույցում ասաց նա:

 

Դերասանուհին տարվա ընթացքում մի շարք ստեղծագործական ու գործնական առաջարկներ է ստացել ու բոլորն էլ հասցրել է իրագործել: Դրանցից առաջինը, նրա խոսքով, «Համլետ» ներկայացման մեջ Օֆելյային մարմնավորելն էր: «Այն մեծ դեր էր, որը բաժին ընկավ ինձ: Խորհրդանշական էր, որ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը կարմիր ձիու տեսքով ներկայացրեց իմ կերպարը»,- նշեց Անահիտը:

 

 

Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին առաջարկ ստացավ նաև` լինելու հայտնի գովազդային հոլովակի դեմք: «Կարծում եմ՝ կարևոր է էկրանին երևալը»,- ասաց Անահիտը և շեշտեց, որ հաղորդավարական աշխատանքում ևս այս տարի հաջողություններ գրանցեց: «Ուղիղ եթերում վարեցի «Շանթի» կազմակերպած բարեգործական մարաթոնը, որից հետո այլ բարեգործական միջոցառումներ վարելու առաջարկներ էլ ստացա ու սիրով համաձայնեցի»,-ասաց նա:

Դերասանուհին հենց իր տարում առաջին անգամ նկարահանվեց իրանական գեղարվեստական ֆիլմում, ինչպես նաև փոքրիկ դերով հանդես եկավ Կոմիտասի մասին նկարահանված «Վարդապետի լռությունը» ֆիլմում, որը հավանաբար մյուս տարի էկրան կբարձրանա: Անցնող տարում Անահիտը առիթ ունեցավ նաև առաջին անգամ իր որդու հետ նկարահանվել սերիալում:

 

 

Անձնական ու ընտանեկան այլ հաջողություններ ևս Ձին պարգևել է դերասանուհուն: Նրա խոսքով` այս տարի` ծննդյան 24-ամյակի կապակցությամբ ամուսինը մեծ անակնկալ էր մատուցել իրեն` նվիրելով ավտոմեքենա: «Երբևէ չէի մտածել, որ մի օր ես էլ վարորդ կդառնամ: Այդ նվերից հետո վարորդական իրավունք ձեռք բերեցի ու այժմ օրինական վարորդ եմ: Դա օգնեց ինձ ժամանակի առումով. այժմ կարողանում եմ երեխաներիս պարապունքի տանել ու բերել,-ասաց Անահիտը և շարունակեց,- տղաս` Հայկը, այս տարի սկսեց քայլել ու խոսել. առաջին բառը եղավ պապան, որից հետո մամա և «ատոմեքենա» :) Աղջիկներիցս մեկն էլ նկարչական ձեռքբերումներ ունեցավ. նրա նկարները ներկայացվեցին ցուցահանդեսում: Ամուսինս էլ այս տարի բավականին շատ գործուղումներ ունեցավ. այդ ժամանակահատվածում առաջին անգամ զգացի, թե ինչ է կարոտը, քանի որ ամուսնությունից հետո դեռ ոչ մի անգամ չէինք բաժանվել երկար ժամանակով»:

 

 

Անահիտի խոսքով՝ անսպասելի, անննախադեպ ու հրաշքներով լի տարվա ընթփացքում նաև տեղափոխվել են: Այժմ նրա բազանդամ ընտանիքը բնակվում է Աբովյան քաղաքում: Նոր՝ 2015 թվականը դերասանուհին ընտանիքի հետ տանը կդիմավորի, քանի որ դեկտեմբերի 31-ին պետք է ուղիղ եթերում լինի: Իսկ տարեսկզբին ընկերների ընտանիքների հետ նրանք կմեկնեն Վրաստան` տոներն այնտեղ շարունակելու:

 

 

«Շատ շնորհակալ եմ իմ Ձիուն՝ լավ տարվա համար, իսկ առհասարակ ամեն նոր տարում նոր ձեռքբերումների եմ սպասում: Ուզում եմ նոր կերպարներ` հանդիսատեսին չձանձրացնելու համար: Ինչպես նաև այսուհետև թատրոնում կլինեն երաժշտական ուղղությամբ ներկայացումներ, որոնց շրջանակներում կերգեմ: Սակայն ոչ թե տեսահոլովակներ նկարահանող երգչուհի կլինեմ, այլ կշարունակեմ աշխատել թատրոնում` որպես երգող դերասանուհի»,-եզրափակեց Անահիտը:

 

Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը