Ապրիլ 8-ից Արմենիա հեռուստաընկերությունը սկսում է ցուցադրել նոր հեռուստասերիալ, որտեղ ներգրաված են հեռուստադիտողին արդեն ծանոթ դերասաններ: Այս անգամ սերիալիում կխաղա նաև ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: ArmStar.am-ի այն հարցին' ինչպես համաձայնեց խաղալ սերիալում, դերասանն ասաց. «Մինչ այսօր ես իմ հարցերն այնպես էի դնում, որ ինձ չէին հրավիրում սերիալում նկարահանվելու, բայց այս անգամ որ կանչեցին և մի քիչ ծանոթացա սերիալի բովանդակությանը' համաձայնությունս տվեցի: Թե վերջում ինչ է լինելու'չգիտեմ: Ի՞նչ անեմ, նստե՞մ թախտին սպասե՞մ բախտին, հո պարապ չեմ նստի, այս տարիքում պարապ մնալու՞ բան եմ»,-ասաց դերասանը:

Գուժ Մանուկյանը կարծում է, որ սերիալում ընդգրկված է դերասանների հրաշալի կազմ, որոնք սերիալում խաղալու մեծ փորձ ունեն:

Խոսելով հեռուստասերիալում իր կերպարի մասին' դերասանը նշեց. «Ես խաղալու եմ գեներալի դեր, ով գնում է թոշակի, իսկ դերասան Արտաշես Ալեքսանյանը մարմնավորելու է որդուս»: