ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի առողջական վիճակն արդեն նորմալ է: Tert.am-ի հետ զրույցում դերասանի առողջական վիճակի մասին տեղեկություններ հաղորդեց նրա կինը՝ տիկին Հասմիկը:
Նա նշեց, որ թունավորման պատճառը կերած խեցգետինն է եղել:
«Կամաց-կամաց վերականգնվում է, որովհետև թունավորումը ուժեղ էր»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ դեռևս չգիտեն, թե դերասանը երբ դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ դերասանը երեկ վատ էր զգացել և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 16-ին' թունավորման ախտանիշներով:
Գուժ Մանուկյանին բուժող բժիշկ Վարդան Հովակիմյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դերասանի մոտ բորբոքային պրոցես է նկատվել։
«Այս պահին ինքը մեզ մոտ պառկած բուժում է ստանում, պարանոցի շրջանում բորոբոքային պրոցես կա, դեռևս այսքանը կարող եմ ասել»,- ասաց նա։
Հարցին, թե ինչքանո՞վ է վտանգավոր նման բորբոքումը՝ Վարդան Հովակիմյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ դերասանը դեռ հետազոտվում է։
«Մի փոքր խառնված պատկեր է, դեռ հետազոտվում է, վերջնական կարծիք դեռ չունենք։ Թեթև դրական փոփոխություն կա: Այս պահին ստանում է դեղորայքային բուժում»,- եզրափակեց բժիշկը։
Լուսանկարը՝ yerevannews.am-ի