Հաղորդավար, դերասան Հակոբ Հակոբյանն այլևս հանդես չի գա ԱԹՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Սևակի կերպարը: Պատճառը սերիալի' օրերս ցուցադրված սերիաներից մեկում Սևակի մահանալն է: Եվ թեև սրանից դեռ օրեր են անցել, բայց Հակոբի' սերիալից հեռանալը խոսակցությունների առիթ է տվել, ըստ որոնց' դրա պատճառը կոնֆլիկտային հարաբերություններն են:

 

Life.panorama.am-ը կապ հաստատեց Հակոբի հետ' ճշտելու' արդյոք տարածված խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, թե' ոչ:

 

«Ամենայն անկեղծությամբ նշում եմ, որ ոչ մի խնդիր չկա: Սևակն այնպիսինն էր, որ մինչև սերիալի վերջ չպետք է մնար: Կերպարս բացասական էր, իսկ նման մարդկանց վերջը մի օր գալիս է և շատ լավ է լինում, որ այդ օրը շուտ է գալիս: Նման մարդիկ միշտ պատասխան են տալիս իրենց արածների համար, և այս դեպքում Սևակը ևս բացառություն չեղավ: Իմ' սերիալից հեռանալու պատճառը միմիայն սցենարային լուծումից ելնելով էր»,- պատմեց Հակոբը' նշելով, որ «Աբելի քույրը» հեռուստասերիալը շուտով կմոտենա իր ավարտին, որի ժամանակ կտրուկ իրադարձություններ տեղի կունենան:

 

Հակոբ Հակոբյանը բացահայտեց նաև, որ հնարավոր է մոտ ապագայում ինքը կրկին հայտնվի հեռուստաէկրաններին' ներկայանալով մեկ այլ նախագծում: Իսկ թե կոնկրետ խոսքն ինչի մասին է, դերասանը չմանրամասնեց' գերադասելով սպասել մինչև կլինի արդեն հստակ պայմանավորվածությունը:

 

Ամփոփելով իր մասնակցությունը «Աբելի քույրը» սերիալում և խոսելով նկարահանման ողջ ընթացքից ստացած իր տպավորույթունների մասին' Հակոբ Հակոբյանն ասաց.

 

«Շատ լավ է անցել ամեն ինչ, շատ ստեղծագործական և հետաքրքիր էին նկարահանումների ընթացքը: Խոստովանեմ, որ համեմատած մյուս սերիալների հետ, մենք շատ համակարգված և օպերատիվ էինք աշխատում: Ինձ շատ հաճելի կլինի ևս մեկ անգամ աշխատել հենց այս նույն ստեղծագործական խմբի հետ»:

 

Անդրադառնալով բացասական կերպար մարմնավորելուն' Հակոբն անկեղծացավ և նշեց, որ թեև իրեն շատ հետաքրքիր էր նման դերով հանդես գալը, սակայն այս պահին այլևս չի ցանկանա կրկին բացասական կերպար մարմնավորել.

 

«Մինչ այս ներկայացել եմ բարի, երեխաների, տատիկների համար սիրելի դերերով: Անձամբ ինձ էլ ավելի հաճելի է, երբ մարդիկ ինձ տեսնելով փողոցում ժպտում են, ինչ-որ հաճելի խոսքեր են ասում, քան օրինակ Սևակի բացասական կերպարը չտարբերելով իրական Հակոբ Հակոբյանից' քննադատություններ են հնչեցնում իմ հասցեին»,- նշեց Հակոբը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: