Հոլիվուդյան դերասանուհի եւ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին լուսանկարվել է նորաձեւության եւ գեղեցկության մասին Madame Figaro ֆրանսիական հանդեսի նոյեմբերյան համարի շապիկի համար: Լուսանկարն իր Instagram-օգտահաշվում հրապարակել է հրատարակության գլխավոր խմբագիր Ռիչարդ Ջանորիոն։
Լուսանկարում մերկ Ջոլին, ձեռքերը վեր պարզած, պառկած է ջրով լի մարմարե լոգարանում եւ նայում է տեսախցիկին: Դերասանուհու երկրպագուները հիացած են լուսանկարից: «Պարզապես իդեալական է»,-գովաբանել է բաժանորդներից մեկը: «Նա միշտ լեգենդար է լինելու»,-համաձայնել է մեկ այլ օգտատեր: «Որքան գեղեցիկ է. անհամբերությամբ սպասում եմ հարցազրույցին ու լուսանկարների»,- հավելել է Ջոլիի երկրպագուհիներից եւս մեկը: Որպես լուսանկարի հեղինակ հանդես է եկել ծագումով արգենտինացի Անդրես Կուդացկին, որի լուսանկարները քանիցս հրապարակվել են այնպիսի հայտնի հրատարակություններում, ինչպիսիք են՝ The Washington Post-ը, The New York Times-ը, The Guardian-ը: