Անջելինա Ջոլիին սպասվում է նոր վիրահատություն՝ ձվարանների հեռացում։ Դերասանուհին գնում է այդ քայլին, որ կտրուկ նվազեցնի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Examiner կայքին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարվա փետրվարին Ջոլին հեռացրել է կաթնագեղձերը։ Վիրահատությունից առաջ Ջոլիին հետազոտել են և նրա օրգանիզմում հայտնաբերել BRCA1 գենը, որի պատճառով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը 87% է, իսկ ձվարանների քաղցկեղինը՝ 50%։
Կրծքի վիրահատությունից հետո կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունն իջել է՝ դառնալով 5%, և դերասանուհին որոշել է հեռացնել նաև ձվարանները՝ քաղցկեղի առաջացման հավանականությունն ամբողջովին վերացնելու համար։
Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթն ասել է, որ կրկնակի մաստեկտոմիայից հետո Ջոլին իրեն լավ է զգում և արդեն պատրաստվում է ձվարանների հեռացմանը։
«Ես կարծում եմ, որ Անջելինան և բոլոր նրանք, ովքեր նման որոշում են կայացնում, հերոսներ են։ Ամեն ինչից առավել՝ ես ցանկանում եմ, որ նա լինի առողջ և ապրի երկար ու երջանիկ ինձ հետ և մեր երեխաների հետ»,-ասել է Փիթը։