ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին շարունակում է հոգ տանել Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների մասին, որոնց թիվն աստեղ ավելի քան 1,5 միլիոն է: Տեղատարափ անձրեւն ու պոռթկուն քամին չեն խանգարել նրան՝ ուղեւորվելու Բեքաայի հովտի Դաբագա շրջանում գտնվող սիրիացիների ճամբար, որտեղ ապաստան Է գտել 300 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հոլիվուդի նշանավոր դերասանուհու ժամանման պահին վրաններից շատերը հայտնվել Էին մինչեւ ծնկները հասնող ջրի մեջ:

 

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ Լիբանանում գտնվող փախստականների 79 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները: Դաբագայում Ջոլին մոտեցել է 38-ամյա Խուլյուդայի՝ չորս երեխաների մոր անկողնուն: Երբ սիրիուհին երեխաների հետ միասին, լքելով իր տունը, փախել է Հոմսի անվտանգ շրջաններ, դիպուկահարի  գնդակը դիպել է նրա ողնաշարին: Դերասանուհին համբերատար լսել է կաթվածահար վիճակում գտնվող այրուն եւ խոստացել է օգնել վիրահատման հարցում:

 

 

 

 

Ինչպես հայտնել է Ջոլին, փախստականների մեծ մասը երազում են վերադառնալ հայրենի օջախներ:

 

«Նրանք մեծ հույս ունեն, որ երբեւիցե տեղի կունենա հայրենիքի հետ վերամիավորումը: Ես նրանց աչքերում տեսնում էի հույսի ցոլքեր»,-ասել է դերասանուհին:

 

 

 

 

Լիբանանի ճամբարներում ապրելը դժվարութունների հետ է կապված, բայց այստեղ գոնե ինչ-որ չափով պարենամթերք է ստացվում եւ բուժօգնություն է ցուցաբերվում: Մի քանի շրջաններում երեխաները ուսումը շարունակելու հնարավորություն ունեն: Կառավարության որոշմամբ, պետական դպրոցներում նրանց ուսուցում Է կազմակերպվում երկրորդ հերթով:

 

Ջոլին հատուկ ուշադրություն է դարձրել լիբանանցիների հյուրընկալության վրա: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լիբանանի ժողովրդին այն օգնության համար, որը նրանք ցուցաբերում են մեկ միլիոնից ավելի կյանքեր փրկելու գործում: Դյուրին չէ նման բեռ կրել այն երկրին, որտեղ փախստականների թվականակը հավասար է տեղի բնակության քառորդ մասին: Դա խոսում Է այն մասին, որ Լիբանանի ժողովրդն աչքի է ընկնում մեծ մարդասիրությամբ»,-նշել է դերասանուհին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: