Ուսումնասիրելով ավելի վաղ հրապարակված ուսումնասիրությունները՝ ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հոռետեսներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, ինչպես նաև ավելի հաճախ են մահանում այդ հիվանդություններից, քան լավատեսները: Հետազոտությունը հրապարակել է IAMA Network Open գիտական հանդեսը։

Ալան Ռոզանսկիի գլխավորությամբ գործող մասնագետներն ուսումնասիրել են 15 հազար գիտական աշխատություն, որոնց հեղինակները վերլուծել են մոտավորապես 230 հազար մարդու վերաբերող տվյալներ: Այդ հետազոտությունները միջին հաշվով տևել են երկուսից մինչև 40 տարի: Իսկ մասնակիցների շրջանում լավատեսներին ու հոռետեսներին որոշել են հարցարանի օգնությամբ: Հետազոտությունների մի մասում դրանք բաղկացած են եղել մեկ հարցից, իսկ մյուսներում ներառվել են ավելի շատ հարցեր: Այդ ուսումնասիրություններիխ մեծ մասը (ութը) անցկացվել է ԱՄՆ-ում, մնացածը՝ Եվրոպայում (հինգ), Իսրայելում և Ավստրալիայում (մեկական): Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ լավատեսները 35 տոկոսով քիչ են ենթակա սիրտ-անոթային հիվանդություններին, քան հոռետեսները:

Իսկ լավատեսների վաղաժամ մահանելու հավանականությունը 14 տոկոսով պակաս է, քան հոռետեսներինը: Ստացված արդյունքները գիտնականները կարող են բացատրել միայն վիճակագրությամբ, իսկ ստույգ կենսաբանական մեխանիզմները, որոնք կապված են դրա հետ, աշխատության հեղինակները չեն պարզել: Նախորդ հետազոտությունները, որոնց հեղինակները համեմատել են լավատեսների ու հոռետեսների կյանքի տևողությունը, տարբերությունը բացատրում էին նրանով, որ աառաջիններն ավելի հաճախ են զբաղվում սպորտով, ուշադրություն են դարձնում առողջ սննդի վրա և զբաղվում են հակասթրեսային թերապիայով։