Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից:
Պրոֆեսիոնալ ժյուրին, որի նախագահը Գոհար Հարությունյանն է, իսկ կազմում ընդգրկված են Լուսինե Թովմասյանը, Գեւորգ Շադոյանը, Գոռ Հարոյանը, Մարի Ստեփանյանը, Արմեն Երիցյանը, Արթուր Ղուկասյանը, Իրինա Վարդանյանը, Սալբի Մեգերյանը, Վիգեն Սեֆիլյանը, Սերոբ Ապինյանը, ընտրություն կատարեց 24 գեղեցկուհիներից, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից եւ քաղաքներից՝ ԱՄՆ, Լիբանան, Ռուսաստան, Ուկրաինա, Գյումրի, Աբովյան եւ այլն:
Աղջիկները ներկայացան լողազգեստով, տարազավ եւ երեկոյան զգեստներով:
«Միսս Սփյուռք» տիտղոսը ստացավ Լիբանանից Սինտիա Տաբուջյանը, իսկ հանդիսատեսի համակրանքին արժանացավ Էդուարդա Բաղդասարյանը՝ Գյումրիից:
Նշենք, որ «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթողը մեր երկիրը կներկայացնի «Միսս Աշխարհ» մրցույթում: