Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 11-19-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած «Միսս Պլանետ 2017» մրցույթին Հայաստանը ներկայացրեց մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանը։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում «ԹՈՓ ՄՈԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը կարևորեց միջազգային մրցույթներին Հայաստանի մասնակցությունը․ «Կարծում եմ՝ ամենակարևորը մասնակցությունն էր, գեղեցիկ և ճիշտ ներկայանալը։ «Միսս Պլանետ 2017» գեղեցկության մրցույթի մասնակիցները գրեթե 40-ն էին և նրանց մեջ իսկապես շատ ուժեղ մասնակիցներ կային։
Անկախ նրանից՝ հաղթանակներ կլինեն, թե ոչ, մրցույթներին մասնակցելը նոր ճանապարհ է բացում։ Տարբեր երկրներից ժամանած ժյուրիի անդամները՝ նկատելով մեր մասնակիցներին, տարբեր մրցույթների հրավերներ են անում», - ասաց նա։
Անիտան ևս մեծ ոգևորությամբ է հիշում մրցույթի ընթացքում անցկացրած օրերն ու ապրումները․ «Ճիշտ է, մրցանակով չենք վերադարձել, բայց ձեռք ենք բերել լավ ընկերներ, նոր հրավերներ»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ պատրաստվում են նոր մրցույթի, սակայն այլ մանրամասներ այս պահին չցանկացավ հայտնել։
Մոդելն իր մտահոգությունը հայտնեց ֆեյսբուքյան իր էջում տեղադրած մի լուսանկարի (տես՝ ստորև) պատճառով առաջացած բացասական խոսակցությունների վերաբերյալ․ «Լուսանկարում ես կանգնած եմ ադրբեջանցիների և Թուրքիայի ներկայացուցչի հետ։ Այս փաստը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել հասրակության շրջանում։ Սակայն ես գտնում եմ, որ մենք չէինք գնացել քաղաքականություն քննարկելու, մենք պարզապես մասնակցում էինք մրցույթի և ինչպես մյուս մասնակիցների, այնպես էլ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցչի հետ՝ ունեցել ենք ջերմ հարաբերություններ։ Ադրբեջանցի տղաները հենց իրենք մոտեցան մեզ, ձեռքով ողջունեցին և ասացին, որ մեր դեմ ոչինչ չունեն և խնդիրը ոչ թե մեր, այլ մեր երկրների ղեկավարների մեջ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լուսանկարվելով, ազգի դավաճան չեն դառնում։
Անիտան իր անհանգստությունն արտահայտեց իրեն ուղղված այն մեղադրանքների վերաբերյալ, ըստ որոնց՝ ինքը ֆինանսավորվում է ազդեցիկ մարդու կողմից․ «Ինձ օգնում են իմ ծնողները, ուրիշ ոչ ոք։ Չկա հարուստ, ազդեցիկ մարդ, ով ինձ ֆինանսավորում է։ Եվ մրցույթին մասնակցելու համար էլ մեծ գումարներ անհրաժեշտ չեն, որի համար պարտադիր պետք է հովանավոր կամ ազդեցիկ կողակից ունենալ։ Իմ հասցեին հնչած տհաճ խոսակցություններին թեթև եմ նայում, քանի որ կարծում եմ՝ դա բնական է, սակայն գտնում եմ, որ ճիշտ չէ առանց դիմացինին ճանաչելու սխալ ենթադրություններ անել և անտեղի վիրավորել»,- խոսքը եզրափակեց Անիտան։