Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը: «Միսս Արմենիա 2017»-ի պատվավոր կոչման համար պայքարում էին 24 հայուհիներ և, ըստ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականի, «Միսս Արմենիա 2017»-ի տիտղոսին արժանացավ Լիլի Սարգսյանը:

Թողնենք մի կողմ մեր գեղեցկուհիների արտաքին տեսքի և կեցվածքի վերլուծությունը՝ դա վստահելով ոճաբաններին և համապատասխան մասնագետներին, բայց չանդրադառնալ մրցույթի ժամանակ նրանց կողմից հնչեցված կցկտուր և անհոդաբաշխ խոսքերին, հաղորդավարների՝  ուղիղ եթերում աշխատելու հմտությունների բացակայությանը ու կիսագրագետ հայերենին, ուղղակի չենք կարող:

Ցավալի է, որ մրցույթի կազմակերպիչներն ուշադրություն չէին դարձրել կամ պարզապես անտեսել էին մեր հայուհիների գրագիտությունն ու ինտելեկտը և նաև այն, թե ում են հրավիրում որպես նման կարևոր միջոցառման հանդիսավար: 

Կարելի էր այս մրցույթին նախորդող մեկ ամիսը գեղեցկուհիներին պարտադրել գոնե կարդալ հայերեն մեկ-երկու կապակցված նախադասություն՝ այդ կարևոր պահին հնչեցնելու համար: Երեկվա մրցույթը, սակայն, ապացուցեց, որ նման աշխատանքներ չեն տարվել, և բեմում էին հայտնվել մայրենի լեզվով երկու նախադասություն ասել չկարողացող աղջիկներ, ովքեր պարզապես ցայտնոտի մեջ հայտնվեցին հանդիսավարների կողմից իրենց ուղղված հարցերից:

Հարց է առաջանում՝ եթե Հայաստանում՝ մայր հողի վրա, չեն կարողանում իրենց հավուր պատշաճի դրսևորել, գրագետ խոսել,  ինչպե՞ս են նրանք դա անելու այլ երկրում: Նշենք, որ, «Միսս Արմենիա 2017»-ի հաղթողը մեկնելու Չինաստան՝ մասնակցելու «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին:

Վերջին տարիներին հայ հանդիսատեսը զրկված էր «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը վայելելու հնարավորությունից, և բոլորս ոգևորությամբ էինք սպասում այս բացառիկ իրադարձությանը՝ «Միսս Արմենիա 2017»-ին՝ դա համարելով աշխարհին ներկայանալու մեր այցեքարտերից մեկն ու մեր կերպը, սակայն ազգովի հիասթափվեցինք:

ՀԳ. դժվար թե աշխարհին կարողանան գերել մեր հայուհիները, եթե երեկվա խայտառակությունից դասեր չքաղեն և չգիտակցեն, որ գեղեցիկ պետք է լինել ոչ միայն մարմնով՝ այլ նաև բովանդակությամբ: 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի:

 

Աղավնի Սուքիասյան