Երգչուհի Քրիստինե Պեպելյանը վերջերս է վերադարձել Դուբայից, որտեղ մայրիկի հետ մեկնել էր հանգստի: ESem.am հետ զրույցում երգչուհին պատմել է ծովափնյա հանգստի ու առաջիկա անելիքների մասին:

 

«Մի քանի օր ազատ ժամանակ ունեի և որոշեցի մայրիկիս հետ մեկնել հանգստի. նրա հետ շատ եմ ճամփորդել, միասին ոչ միայն հանգստի ենք մեկնել, այլև հյուրախաղերի, համերգների: Այս անգամ էլ 7 օրյա պասիվ հանգիստ անցկացրինք ծովափին»,- ասաց Քրիստինեն և նշեց, որ այս ճամփորդության ընթացքում հնարավորություն է ունեցել վայելել արևն ու երկար քնել:

 

«Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ անընդհատ էներգիա ենք ծախսում.  կա՛մ ղեկին ենք, կա՛մ ձայնագրման ստուդիայում, կա՛մ համերգի ու շնորհանդեսի: Միշտ աշխույժ ենք ու շարժման մեջ, դրա համար էլ պասիվ հանգիստ նախընտրեցի, որպեսզի լիցաքաթափվեմ ու կտրվեմ առօրյայից»,- նկատեց նա:

 

Երգչուհու խոսքով` տարվա ընթացքում մի քանիի անգամ կարողանում է այնպես դասավորել գործերը, որպեսզի հանգստի համար էլ ժամանակ մնա: «Հաշված օրերը հերիք են, որպեսզի կազմակերպեմ հանգիստս»,- ավելացրեց երգչուհին:

 

Վերջինիս հետ խոսեցինք նաև վերջերս 21TV-ի կողմից արժանացած` «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակի մասին: «Շատ ուրախ եմ, որ մրցանակ ստացա հենց «Իմ ընկերը» երգի համար. այն շատ կարևոր ասելիք ունի: Բնականաբար, մրցանակը գնահատված լինելու զգացում, էմոցիաներ է տալիս, որոնք մեր կենսագրության կարևոր մասնիկն են կազմում: Երաժիշտը, արտիստը յուրաքանչյուր մրցանակից լիցքավորվում է, դա ստեղծագործելու խթան է տալիս,- շեշտեց երգչուհին` ավելացնելով,- ուրախ եմ, որ արժանացա 21TV-ի գլխավոր մրցանակին: Կարևոր է նաև այն, որ իմ տեսահոլովակը հաղթող ճանաչվեց բազմաթիվ գեղեցիկ աշխատանքների միջից. հաղթանակը լիարժեք է լինում, երբ հաղթում ես ուժեղ մրցակիցներին»:

 

 

Առաջիկա անելիքների մասին խոսելիս` երգչուհին նշեց, որ նոր երգ է ձայնագրել. այն կոչվում է «Կարոտ»: Հեղինակը Քրսիտինեի` մասնագիտությամբ բժշկուհի ընկերուհին է: «Ես միշտ ասում եմ, որ նա մասնագիտությամբ բժիշկ է, կոչումով` երաժիշտ, որովհետև շատ լավ երգեր ունի գրած: «Կարոտ» երգը մենախոսություն է, կարծում եմ՝ հանդիսատեսին դուր կգա»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին: Ըստ նրա` այժմ ռեժիսոր Արեն Բայադյանի հետ քննարկում են մի քանի սյուժե, որոնցից մեկի հիման վրա էլ կնկարահանվի իր նոր տեսահոլովակը:

 

 

Բացի նոր տեսահոլովակի աշխատանքներից, երգչուհին մայիսին կմեկնի Միացյալ նահանգներ` մասնակցելու «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը, որտեղ ներկայացված է որպես «Տարվա լավագույն երգչուհի»: «Որքանով տեղյակ եմ, այնտեղ միանգամից հայրտարարում են տվյալ անվանակարգում հաղթողի անունը: Եթե ինձ հրավիրել են, հուսամ, մրցանակով կվերադառնամ: Եթե մրցանակ չունենամ էլ, չեմ տխրի, քանի որ կլինեմ շատ անվանի մարդկանց կողքին ու կհետևեմ մրցանակաբաշխությանը»,- եզրափակեց երգչուհին:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը