Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հաջողված է համարում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մեկնարկը: Սմբատյանի հավաստմամբ՝ թեև 2014 թվականը բավականին հագեցած էր նվագախմբի համար, սակայն հաջողվեց նաև լավ նախապատրաստվել ու այս տարվա համար իրականություն դարձնել հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոնը:


«Իհարկե բարդ էր, քանի որ 2014 թվականին մենք կազմակերպեցինք Արամ Խաչատրյանի փառատոնը, այնուհետև դեկտեմբերին Տերտերյան-ֆեստը, հետո սկսեցինք աշխատել այս փառատոնի վրա: Շատ եմ կարևորում փառատոնը: Կարող եմ վստահությամբ ասել, որ փառատոնի ձեռքբերումները և ամբողջ թիմի աշխատանքը վկայում են, որ այսօր երիտասարդները կարևորում են մերօրյա կոմպոզիտորներին և վառ են պահում նրանց հիշատակը: Էդգար Հովհաննիսյանը Հայաստանի լավագույն կոմպոզիտորներից է: Փառատոնը որոշեցինք նրան նվիրել, և կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

 

Հանդիսատեսը, սակայն, շատ բարդ է ընդունում ամեն նոր բան: «Սա միայն երաժշտության մեջ չէ, ամենուր է: Կենցաղում նույնպես մենք հեշտ չենք ընդունում նորը: Պետք է ինչ-որ գործընթաց անցնի: Կարծում եմ, որ երբեք չի եղել ժամանակակից ստեղծագործություն, որ միանգամից ընդունվի մարդկանց կողմից: Հայաստանում այսօր ունկնդիր ունենք, որը սիրում է լսել ժամանակակից երաժշտություն: Դժվարանում եմ ասել՝ նրանք դա հավանո՞ւմ են, թե՞ ոչ, բայց լսում են և ունեն իրենց կարծիքը: Ինձ հատկապես շատ ուրախացրեց այս փառատոնի բացումը՝ լեփ-լեցուն դահլիճ էր, ուրախալի է, որ այդքան շատ երիտասարդներ էին մասնակցում: Եթե երիտասարդները մասնակցում են, նշանակում է՝ կա նաև հետաքրքրություն»,-հավելեց նա:

 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-րդ հոբելյանին: Վեցերորդ անգամ անցկացվող փառատոնի մեկնարկը տրվեց հունվարի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.) և Տերտերյան-ֆեստ (2014թ.)՝ փայլուն անունների վառ աստղաբույլը  2015-ին համալրվում է հայ երաժշտարվեստի ևս մեկ նվիրյալի անունով: Հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոնը ներկայացնում է համերգային երեք երեկո (հունվարի 20, 30 և փետրվարի 4), որոնց ընթացքում կհնչեն Է.Հովհաննիսյանի գործիքային-կամերային, դաշնամուրային և սիմֆոնիկ, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: