Կաննի 67-րդ կինոփառատոնի տարբեր ծրագրերում ներկայացված կլինեն ուկրաինական ութ ֆիլմեր: Այդ մասին հաղորդել է ՈւՆՆ ռեսուրսը: Դեռ ոչ մի երկիր նման քանակությամբ կինոժապավեններ չի բերել ստուգատեսին: Կինոփառատոնի հատուկ իրադարձություն կդառնա Սերգեյ Լոզնիցայի՝ Մայդանի մասին պատմող ֆիլմը:

 

Ութ ֆիլմերից հինգը կարճամետրաժ կինոնկարներ են: Դրանք կցուցադրվեն Short Film Corner սեկցիայում: Դրանցից երեքն ուկրաինական ժապավեններ են, իսկ երկուսը նկարահանվել են այլ երկրների հետ համատեղ:

 

Ինչպես նշում են ուկրաինական ԶԼՄ-ները, երկրի կողմից ներկայացված ֆիլմերին առանձնակի փայլ կհաղորդի Cannes Classics ծրագրում Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրումը, որը 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» ստուդիայում և վերջերս ամերիկյան հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայում:

 

Կաննի 67-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-ից մինչև 25-ը: