Նա մեր կինոյի հեքիաթասացն է, հրաշագործը: Հրաշագործը ստիպված էր մի քիչ խեղկատակ լինել խորհրդային ռեժիմի մտրակի հսկողության ներքո: Նա զվարճանում էր, խաղում ռեժիմի հետ, խաղում մարդկանց հետ, նժարին դնում իր հանճարը ու ժամանակի տաղտուկը, նժարին դնում իր գույներն ու ժամանակի գորշը, նժարին դնում իր տոնական զգեստով զարդարված հոգին ու մարդկային ձանձրույթը: Նա ' Փարաջանովը:Փարաջանովի ֆիլմերը ժամանակին ճեղքեցին երկաթյա վարագույրները, անցան ճշգրտորեն գծած բոլոր ճանապարհների բոլոր սահմանները ու մինչեւ հիմա մենք դեպի աշխարհի մշակույթ տանող հիմնավոր ու լայն ճանապարհ ունենք, որով գլուխներս հպարտ կարողանում ենք քայլել ու անցնել մշակութային խաչմերուկներով:
Փարաջանովի մասին պատմող կինոն սիմվոլիկ նշանակություն ունի այժմ մեզանում, որովհետեւ այն գալիս է կոտրելու այսօրվա կինոյի մասին ձեւավորված մի շարք կարծրատիպեր. առաջին գլխավոր կարծրատիպը' «մենք կինո չունենք», երկրորդ , այն, որ մեր կինոն դարձել է արտհաուսային կինոյի վատ կրկնօրինակ ու ռեժիսորների դարակներից դուրս չի գալիս, եւ երրորդն այն է, որ մենք գողական սերիալներից այլ բան չենք կարողանում նկարել: Սերժ Ավետիքյանն ու Ալյոնա ֆետիսովան մեզ են հրամցնում կինո, որը պատմում է կինոարարման մասին, մեզ է հրամցնում հրաշագործի կյանքը' հեքիաթային պատումով, ստացված հումորով, գեղարվեստական բարձր ճաշակով ու սահուն կինոլեզվով: Կինո, որտեղ կա Փարաջանովի նռան գույնը, կինո, որտեղ կա Փարաջանովի նռան համը, որտեղ կա Փարաջանովի շնչառությունը պարզապես:
Ֆիլմը անակնկալի պես է բացվում հանդիսատեսի առաջ: Հանդիսատեսը, այն էլ հայ մշտապես քննադատող ու բիծ փնտրող հանդիսատեսը չի հասցնում դիտել ֆիլմը, երբ հանկարծ միանգամից «նետվում է» ֆիլմի մեջ, որտեղ կա Փարաջանովի մագնիսական ու կախարդող աուրան: Դե բոլոր լուրջ ու մտախոհ դեմքով նստած ռեժիսորներ ու կինոքննադատներ, եկեք ու քննադատեք Ավետիքյանի ֆիլմը: Չստացվեց: Որովհետեւ Ավետիքյանը ձեւը գտել էր, ձեզ բռնել ու նետել էր Փարաջանովի աշխարհ, տիկնիկների, գորգերի, գույների, շրջանակների, վանդակների, կտորների, թիկնոցների, անձրեւանոցների աշխարհ: Իսկ դա արել էր սիրով: Սիրո կախարդանքն էր տարակուսանքի մեջ գցել կինոգործիչներին, միջանցքում կարելի էր լսել «չէինք սպասում» արտահայտությունը:
Փարաջանով…
Հրաշագործ…
Քո մահն էլ չէր տեսել քո մասին պատմող ռեժիսորը: Դու այնպես ժպտուն ու խաղաղ քնել էիր Փարիզի փողոցներից մեկում, պտտվող ու գույնզգուն կարուսելների կողքին:
Հետո ծափահարություններ: Բուռն: Ինքնաբուխ' Փարաջանովին, Սերժ Ավետիքյանին, ստեղծագործական խմբին, հայկական կինոյի վաղվան:
Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ