Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված նոր` «Թևանիկ» ֆիլմը կերտողները հույս ունեն, որ հայ հանդիսատեսը կսիրի կինոնկարը: Ադրբեջանի հերթական հիստերիան առաջացրած կինոնկարն սկսում է իր հաղթարշավը: Հայ ժողովրդի հերոսական էջերից մեկը նկարագրող նոր ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր` մայիսի 5-ին: Ֆիլմը մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել քաղաքի կինոթատրոններում:

 

«Թևանիկ» ֆիլմի սցենարն ինձ փոխանցեց Լևոն Աթոյանը: Ես այն շատ hավանեցի և ցանկանում էի էկրանավորել, տարիներ անց ինձ այդ հնարավորությունն ընձեռվեց: Ցանկանում էի նկարել լիամետրաժ ֆիլմ և Կարինե Խոդիկյանի հետ Աղաբաբովի սցենարը վերածեցինք ֆիլմի: Նախորդ տարի Կաննի 66-րդ փառատոնի շուկայում ներկայացրի այս ֆիլմի նախագիծը և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ իրականացրինք այն: Հուսամ, որ հանդիսատեսը կսիրի կինոկարը, որովհետև առանց հանդիսատեսի սիրո հնարավոր չէ»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

 

Ջիվան Ավետիսյանն ընդգծեց, որ ֆիլմում ներգրավված բոլոր հերոսները իրական են մեկ տարբերությամբ` նրանք տարբեր ժամանակահատվածների դեպքեր ներկայացնող հերոսներ են, որոնց հավաքել ենք մեկ պայմանական գյուղի մեջ: «Երեք պատմությունները միավորվում են մեկ ասելիքով` ֆիլմը դատապարտում է պատերազմը: Ես ինքս կորցրել եմ իմ մանկությունը պատերազմի հետևանքով: Ցանկանում էի պատմել ճակատագրերի մասին: Այն խաղաղության, ուժեղ մարդկանց մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ վիճակում և շարունակում են մնալ մարդ»,-հավելեց Ավետիսյանը:

 

Սցենարի համահեղինակ Կարինե Խոդիկյանի կարծիքով, իր համար մեծ պատիվ է, երբ իր անունը դրվում է Առնոլդ Աղաբաբովի կողքը: «Աղաբաբովի սցենարը կարճամետրաժ ֆիլմի համար էր: Նրա սցենարում որևէ միջամտություն չի արվել, պարզապես սցենարի Աստղիկ կերպարը դարձրինք երկրորդ նովելի հերոսուհի: Երրորդ հերոսն էլ հետո ծնվեց` Արամը»,-նշեց Խոդկյանը:

 

Խոսելով ադրբեջանական հիստերիայի մասին` ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը նշեց, որ Լիտվայում այն այնքան էլ իրարանցում չի առաջացրել: «Հատուկ որևէ ռեակցիա չկար, պարզապես արտգործնախարարության կողմից անհանգստություն կար, իսկ ես հանգստացնում էի իրենց, որ սա գեղարվեստական կինոնկար է: Ամեն ինչ այդպես ավարտվեց: Ինձ ֆիլմը շատ է դուր եկել, ցանկանում եմ, որ շատերը դիտեն այն»,-հավելեց լիտվացի պրոդյուսերը:

 

Ֆիլմի ռեժիսորի համոզմամբ, հանդիսատեսից յուրաքանչյուրը կորոշի ֆիլմի ավարտը: Ֆիլմի աշխատանքներում Ջիվան Ավետիսյանին իր խորհուրդներով օգնել է Վիգեն Չալդրանյանը: Կինոնկարը կցուցադրվի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:

 

«Թևանիկը» մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում: «Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին:

 

Ֆիլմի նկարահանումների իրականացմանը աջակցել է ԼՂՀ կառավարությունը: Այն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: