«Ելք չկա» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը, որը շուրջ երկու ամիս է, ինչ մեծ դահլիճներ է հավաքում երևանյան կինոթատրոններում, կմասնակցի Կաննի կինոշուկային: Մայիսի 21-ին ֆիլմը կցուցադրվի կինոշուկայի շրջանակում` փնտրելով միջազգային հարթակ դուրս գալու հեռանկարներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 17-ին հրավիրված ասուլիսում «Ելք չկա» ֆիլմի պրոդյուսեր, RecTime production ընկերության հիմնադիր Կամո Ունանյանը նշեց, որ կինոշուկային մասնակցելու առաջարկն իրենք ստացել են:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից:
«Մենք մեծ սիրով ընդուեցինք այդ առաջարկը, քանի որ այնտեղ ներկա են լինելու գործակալներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, դիստիբյուտորներ, ովքեր կդիտեն ֆիլմը: Սա արվում է առաջին հերթին նրա համար, որպեսզի տարբեր ազգերի ներկայացուցիչներ դիտեն ֆիլմը, և այն միջազգային ճանաչում ստանա»,- պատմեց Ունանյանը:
Նա նշեց, որ փետրվարի 15-ից մեծ էկրանին հայտնված «Ելք չկա»-ն հանդիսատեսի պակաս չի զգում, և դիտումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում:
Քրեական դրամայի նկարահանումները մեկնարկել էին օգոստոսի վերջին և ավարտվել հոկտեմբերին: «Ելք չկա»-ն առանձնանում է նաև այն բանով, որ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի հեղինակած երաժշտությունը` ֆիլմի soundtrack-ը, հնչում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Նվագախումբը ֆիլմի երաժշտությունը կատարել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ունանյանը չբացառեց, որ իր թեմատիկ ընդգրկումով պայմանավորված «Ելք չկան»-ն առաջիկայում կցուցադրվի նաև քրեակատարողական հիմնարկներում:
«Ելք չկա» ֆիլմը RecTime production ընկերության հիմնադիր Կամո Ունանյանի առաջին կինոփորձն է, նա ծրագրում է շարունակել կինոոլորտում իր գործունեությունը` նկարահանելով նոր ֆիլմեր:
Նա տեղեկացրեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսաստանյան խոշոր All media կինոարտադրող ընկերություններից մեկի հետ, որի միջոցով ֆիլմը կձայնագրվի նաև ռուսերեն և այս տարվա աշնանը կհայտնվի ռուսական կինովարձույթում, կցուցադրվի տարբեր քաղաքներում:
Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում և Վրաստանում: Գեղարվեստական ֆիլմում անդրադարձ է կատարվում արդիական խնդիրների` սիրուն, ընկերությանը, դավաճանությանը:
Իննսուն րոպե տևողությամբ կինոժապավենում, բացի սկսնակներից, նկարահանվել են ճանաչված դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը: Կինոժապավենի ռեժիսորն է Վահե Սայանը, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Ֆիլմի երկրրոդ` ռեփային soundtrack-ը կատարում է Նարեկ Պետրոսյանը: Ֆիլմը հովանավորներ չի ունեցել, բյուջեն կազմել է 160 հազար դոլար:
«Ելք չկա» ֆիլմից բացի, Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կներկայացվի նաև Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծվող նոր «Թևանիկ» ֆիլմը: