2006 թվականի մայիսի 3-ի Երևան-Սոչի ողբերգական չվերթի մասին «Անավարտ թռիչք» ֆիլմի նախապատմությունը ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Նկարահանումներն ու մոնտաժային աշխատանքներն արդեն ավարտվել են և այն հետարտադրական փուլում է: Փետրվարի 20-ին կկայանա ֆիլմի առաջնախաղը, մինչ այդ ESem.am-ը զրուցել է ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ, ով հետաքրքիր մանրամասներ է պատմել մեզ:
«Երբ սկսում էինք նկարահանումները, մի քիչ մտավախություններ կային, բայց հիմա կարող եմ ասել, որ ոչ ոքի անձնական նուրբ լարերին չենք կպչում: Ֆիլմը հարգանքի մեծ տուրք է այդ օրը զոհվածների հիշատակին: Ոմանք հարցնում են՝ չե՞ք կարծում, որ ֆիլմը գուցե ցավ պատճառի, հարազատաներին հիշեցնի ողբերգությունը: Ես կարծում եմ՝ 9, 19, թե 29 տարի անցնի, տարիները չեն փակի այդ մարդկանց ողբերգությունը: Մենք չէ, որ պետք է հիշեցնենք նրանց այդ ցավի մասին: Ավելի քան վստահ եմ, որ զոհվածներն ապրում են իրենց հարազատների սրտերում և նրանց չեն մոռացել»,- ասաց Ելենան:
Ֆիլմի հիմքում ընկած է սիրո իրական պատմություն: Ելենայի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ իրենք ունեն իրական հերոսուհու համաձայնությունը: «Եթե չեմ սխալվում, 5-6 հոգի, որ այդ օրը պետք է ինքնաթիռ նստեր, չի նստել: Նրանցից մեկը մեր հերոսուհին է: Մենք որոշակիորեն գեղարվեստական բնույթ ենք տվել ամեն ինչին, սակայն հիմքում նրանց սիրո պատմությունն է: Ես քասթինգն այնպես եմ արել, որ գլխավոր հերոսուհին՝ Տաթևիկ Հովակիմյանը, նման լինի իրական հերոսուհուն»,- հայտնեց ռեժիսորը:
Ելենան չցանկացավ նշել՝ ֆիլմն ավարտվո՞ւմ է «անավարտ թռիչքով», թե՞ անդրադարձ կա նաև շարունակությանը, միայն ասաց, որ ֆիլմում տրվում են որոշ պատասխաններ: «Մեր ֆիլմը «Անավարտ թռիչք» է կոչվում ոչ միայն բառի բուն իմաստով, այլև հոգեբանական, զգացմունքների, հույզերի առումով: Անվանումը երկակի իմաստ ունի ու հենց այդպես էլ մատուցել ենք ֆիլմը. չէ՞ որ այդ օրը 113 հոգու կյանքում ինչ-որ բաներ անավարտ մնացին, զգացմունքներ, սերեր… Ինձ համար ֆիլմն ավելի շատ անավարտ հույզերի մասին է»,- շեշտեց ռեժիսորը:
Նման ֆիլմերի վրա աշխատելը հոգեբանորեն բարդ աշխատանք է, Ելենան խոստովանում է, որ ծանր փորձություն է անցել: «Ես, լինելով էմոցիոնոլ կին, նկարահանումների բերումով շատ տեղերում եմ եղել, որտեղ կինը չպետք է գտնվի, բայց ռեժիսորը պարտավոր է լինել,- ասաց նա և ավելացրեց,- Ինձ համար շատ դժվար էր հաղթահարել այս ֆիլմի փորձությունը: Մինչ նկարահանումները սկսելը ես մանրամասն ծանոթացել եմ գործին, խոսել քննիչների հետ, բազմաթիվ բաներ եմ տեսել, որոնք շատերը, բնականաբար, չեն տեսել ու չգիտեն: Ես և նկարահանող խումբը մեծ փորձություն ենք հաղթահարել: Երբ ինքնաթիռով մեկնում էինք Սոչի, գիշեր էր, ես գիտեի, որ ընկած ինքնաթիռն օդանավակայանից շատ հեռու չի եղել: Այդ պահերը վերապրելով, ականջակալներումս ունենալով սաունդթրեքը՝ Քրիստինե Պեպելյանի «Անավարտ թռիչք» երգը, վայրէջք ենք կատարել: Դա իմ կյանքի ամենածանր վայրէջքն էր… կարծես ես եղած լինեի այն ինքանթիռի մեջ»: Ըստ Ելենայի՝ Սոչիի նկարահանումները բավականին բարդ են եղել հոգեբանական ապրումների տեսանկյունից:
Ռեժիսորն անդրադարձավ նաև սաունդթրեքի տեսահոլովակի պրեմիերային: Նրա խոսքով՝ շատ է զարմացել և նույնիսկ հուզվել, որ դրա հասցեին բացասական կարծիքներ չեն եղել: «Կարծում եմ՝ ֆիլմի դեպքում կլինեն քննադատություններ, սակայն ես դրանց շատ առողջ եմ վերաբվերում: Անկախ նրանից՝ քննադատողը կլինի իմ հարևանը, թե կինոգետ, ես դա ընդունում եմ, որովհետև իմ աշխատանքը հենց նրանց համար է և յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է ինձ համար»,- նկատեց ռեժիսորը:
Տիգրան Մակարյանի, Տաթևիկ Հովակիմյանի, Սերժ Ավետիքյանի, Լուիզա Ղամբարյանի, Արևիկ Սանթրոսյանի, Վարդան Հովսեփյանի, Անի Երանյանի, Արփինե Իսրայելյանի, Աշոտ Հակոբյանի և այլոց մասնակցությամբ «Անավարտ թռիչքի» պրեմիերան կկայանա փետրվարի 20-ին, ոչ թե մայիսի 3-ին, քանի որ այն այս փուլում է պատրաստ: Ըստ Ելենայի՝ անպայման չէ, որ միայն տարելիցի օրը հիշեն զոհված մարդկանց:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը