«Անավարտ թռիչք» գեղարվեստական նոր ֆիլմում գլխավոր հերոսին՝ Սևակին մարմնավորում է  դերասան Տիգրան Մակարյանը: ESem.am-ի հետ զրույցում, վերջինս ասաց, որ իրական կերպար մարմնավորելը մի փոքր ավելի բարդ ու պարավորեցնող էր: Սևակին լավ մարմնավորելու համար Տիգրանը փորձել է հնարավորինս ճանաչել նրան:

 

«Սա գեղարվեստական գրվածք չէ, որ յուրաքանչյուրն իրենով հասկանա՝ կերպարն ով է: Մարմնավորում ես շատ հստակ կերպարի, որն ունի շատ հստակ բնավորություն, արտահայտչամիջոցներ»,- նկատեց դերասանը՝ նշելով, որ հերոսը բնավորության շատ տարբեր գույներ ունի:

 

 

«Տարբեր տեսարաններում տարբեր մարդու ես տեսնում: Սիրելիի հետ՝ սիրող, ռոմանտիկ, զգայուն երիտասարդ է, ընկերների հետ՝  հայ ընկերասեր տղա,- ասաց Տիգրանը՝ հավելելով, որ Սևակը մարզիկ է եղել, ինչն արդեն բնավորություն է ենթադրում,- ցանկացած սպորտսմեն տարբերվում է իր բնավորությամբ, կարգապահությամբ, ներքին տեմպերամենտով,… ամեն ինչով»:

Տիգրանի խոսքով՝ ամենաբարդը ստացվել են մարտական տեսարանները: «Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ այդ տեսարանները բարդ են, որովհետև թե՛ հնարաքները, թե՛ հարված «ուտելը» շատ անգամ իրական են լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր նկարահանումները շատ լավ են անցել:

 

 

Դերասանը նախկինում ևս մարմնավորել է մարզիկի: Նա նշեց, որ ժամանակին զբաղվել է սպորտով, սակայն ոչ պրոֆեսիոնալ: «Ես պարապել եմ, սակայն սպորտսմեն չեմ, ինչպես կարծում են մարդիկ: Ո՛չ Աշխարհի առաջնությանն եմ մասանակցել, ո՛չ այլ մրցաշարի: Ես ինքս ինձ համար եմ զբաղվել սպորտով՝ տասը տարոց ավելի լող եմ պարապել, հինգ տարի՝ Էրիկ Օհանյանի հետ Մուայ Թայ-Բոքսինգ»,- ասաց նա:

 

 

Ֆիլմի սաունդթրեքի՝ Քրիստինե Պեպելյանի  «Անավարտ թռիչք» երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո 2 թեմա բուռն քննարկվեցին՝ ֆիլմի հուզիչ սյուժեն և Տիգրանի ու Տաթևիկի համբույրի տեսարանը, քանի որ մեզանում կան կարծրատիպեր դրա վերաբերյալ: «Ես շատ կցանկանայի հարցին պատասխանել կարճ՝ ես մասնագիտությամբ դերասան եմ, դրանով ամեն ինչ ասված է, սակայն քանի որ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ այդ մի բառով կարող ես եզրափակել թեման, կասեմ, որ ինձ ընդհանրապես չի հետաքրքրել ոչ մի կարծրատիպ: Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար շատ սովորական է: Կարծում եմ՝ ֆիլմը դիտելուց հետո մարդկանց մեջ ավելի շատ հարցեր կառաջանան, որոնց մասին հետո կխոսենք:)»,- ասաց դերասանը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը