Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը հագեցած է հետաքրքիր նորություններով: Դրանցից մեկն էլ բազմասերիանոց հեռուստաֆիլմն է, որի նկարահանումներն օրեր առաջ ընթացել են Դսեղ գյուղում: Այն կոչվում է «Մեր գյուղը» և բաղկացած է 16 մասից:
Հեռուստաֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանի փոխանցմամբ' այն գյուղացու առօրյայի մասին է' իր գլոբալ խնդիրներով. «Ֆիլմում ներկայացվում է գյուղի կոլորիտը' գյուղացու կենցաղով, ապրելակերպով, դժվարություններով»: Սցենարային առումով այս ֆիլմը խիստ տարբերվում է հայկական հեռուստատեսության մյուս սերիալներից: «Միանշանակ, սա սերիալային ստանդարտ ձևաչափով չէ: Հեռուստադիտողը կտեսնի այն, ինչ պակասում է քաղաքաբնակ մարդուն: Թեմատիկան ևս փոխված է' մենք տեսնում ենք սովորական գյուղացուն իր խնդիրներով: Ընտանեկան պատմություն է,- ասաց Ելենան և հավելեց, որ սցենարի հեղինակները Հովհաննես Երանյանն ու Սարգիս Հովսեփյանն են: -Շատ գեղեցիկ լեզու է պահպանված, որևէ բարբառի չենք անդրադարձել: Որևէ գյուղ չէինք ուզում շեշտել, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա դա հանգիստ վերագրել իր գյուղին: Նույնիսկ գյուղի անունն ենք հորինել: Երևի թե, մեր մեծամասնությունն ունի տատիկ-պապիկի գյուղ, որտեղ գոնե արձակուրդներին եղել է»:
Ելենան հայտնեց, որ ֆիլմում զբաղված են մարզային թատրոնների դերասաններ, հիմնականում' Վանաձորի և Գյումրու թատրոնից: Գլխավոր դերերից մեկում Վանաձորի թատրոնից Վրույր Հարությունյանն է: Ֆիլմում խաղում են նաև Ջուլիետտա Ստեփանյանը, Դավիթ Ստեփանյանը, Արմինե Պողոսյանը, Արևիկ Գևորգյանը. «Դերասանական անսամբլը շատ լավն է. տաղանդավոր մարդիկ են, ես էլ կփորձեմ օգտագործել իրենց շնորհքը: Լավ սցենար ունենք, այնպես որ, կփորձենք լավ հեռուստաֆիլմ ներկայացնել»:
Որպես վերջաբան' Ելենան ասաց. «Այն օրերին, որ Դսեղում էի, հասկացա, որ մենք' քաղաքաբնակներս, երևի թե, շատ էինք հեռացել բնությունից: Ուղղակի չեմ կարողանա փոխանցել զգացողությունները, որ հիմա ունեմ»:
Ֆիլմի երաժշտությունը գրել են «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի անդամները:
Նախատեսվում է, որ «Մեր գյուղը» կցուցադրվի նոյեմբերին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը