Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը վերջերս նկարահանվել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» գեղարվեստական նոր ֆիլմում, որում մարմնավորել է հերոսուհու մորը: ESem.am-ը նրա հետ խոսել է ֆիլմում կերտած կերպարի և թատրոնում սպասվելիք պրեմիերայի մասին:
«Մասնագիտությամբ դաշնակահարուհի եմ: Կին, ով շատ է սիրում իր ընտանիքը, դստերը, շատ մեղմ, համբերատար, միաժամանակ պահանջկոտ մայր է: Թեև նա տեսակով հանդարտ է, երբ աղջկա ճակատագրի հետ կապված հարց է առաջանում, դառնում է բավականին խիստ, ինքնասածի և փորձում է թելադրել իր կամքը,- ասաց Լուիզան՝ հավելելով, որ հետաքրքիր կերպար է: -Կարծում եմ՝ դերասանական աշխատանքը որակով կլինի, որովհետև թիմային մոտեցում է եղել և մանրակրկիտ ուսումնասիրված, աշխատված է: Թեև ֆիլմի ասելիքն այլ է, ես և ամուսնուս կերպարում ներկայացող Սերժ Ավետիքյանը փորձել ենք ամեն ինչ անել՝ ապահովելու ընտանիքի մոդելը»:
Չնայած ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, Լուիզայի խոսքով՝ իրական հերոսուհու հետ շփման կարիք մասնագիտական առումով չի զգացել. շփումները եղել են ավելի շատ ռեժիսորի և սցենարիստի գործունեության շրջանակներում: «Ես չգիտեմ նույնիսկ՝ իրականում նրա մայրն ինչպիսի՞ն է եղել, գուցե բոլորովին այլ տեսակի էություն և բնավորություն է ունեցել»,- ասաց դերասանուհին:
Նա նշեց, որ թեման շատ նուրբ է, իրեն՝ որպես արվեստագետի, առաջին հերթին գրավել է անդրադարձը երբեք չմոռացող ողբերգությանը: «Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերել այս գործին, որովհետև սա ոչ թե գեղարվեստական աշխատանք է, այլ անդրադարձ իրական մարդկանց ողբերգությանը: Շատ լուրջ պետք է մոտենալ այս հարցին, որովհետև իրական ապրված մարդկային ցավ, զգացողություներ են»,- ասաց նա:
Դերասանուհու փոխանցմամբ՝ այս դեպքում պետք է լինել ազնիվ և ցուցաբերել դերասանական մեծ աշխատանք. «Ես ապրեցի այն, թե ինչ կարող էր լինել ինձ հետ, եթե դուստրս հայտնվեր նման իրավիճակում, ապա գումարելով իմ մասնագիտական հնարքները, թիմի մոտեցումը (Ելենա Արշակյանի հետ ամեն ինչ մանրամասն քննարկել ենք), ստացա ամբողջական կերպարը: Նրա հիմքում ընկած է եղել, թե ինչպես ես կապրեի դա՝ որպես հայ մայր»:
Դերասանուհին նորություններ ունի նաև թատոնում, որտեղ պատրաստվում են նոր ներկայացման: Նիլ Սայմոնի «Կալիֆորնիական մեղեդիներ» պիեսի հիման վրա բեմադրված նոր ներկայացման մեջ Լուիզայի խաղընկերը Հրաչյա Հարությունյանն է: «Հրաշալի մի գործ է՝ բեմադրված աշխարհի տարբեր թատերական բեմերում»,- ասաց Լուիզան՝ ավելացնելով, որ այն պատրաստ կլինի հավանաբար աշնանը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը