Esem.am-ը գրում է.
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն առաջիններից էր, որ համաձայնեց հանդես գալ հայկական սերիալներում' անկախ այն հանգամանքից, որ դրանք շատ էին քննադատվում: Դերասանուհու հետ խոսել ենք առաջին քայլերի, գործունեության և ոչ միայն այդ մասին:)
-Ո՞րն է եղել Ձեր առաջին դերը սերիալներում:
-«Դժբախտ երջանկություն» սերիալում մարմնավորել եմ Աննային:
-Առաջին դերասանուհիներից էիք, ով խաղաց հայկական սերիալներում: Բա՞րդ էր:
-Բավականին, որովհետև ոչ միայն առաջիններից մեկն էի, այլև թատրոնում լուրջ անցյալ ունեցող դերասանուհի էի և պատասխանատվությունը շատ ավելի մեծ էր: Ես պատահական մարդ չէի և կորցնելու մեծ վտանգ կար: Սակայն տարիներ անց, երբ հետ եմ նայում, փառք Աստծո, ես չեմ ամաչում իմ արածի համար:
-Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Ձեզ համար:
- Առաջին հերթին ինձ ճանաչում բերեց: Ինչպես նաև թատրոնից դուրս որպես մասնագետ այլ արտահայտչամիջոցներ ցույց տալու հնարավորություն:
- Այս տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել:
- Ոչինչ: Ուղղակի շատ եմ աշխատում. փորձում եմ ազնվորեն անել իմ գործը: Այս ընթացքում եղել են բացթողումներ, փոքրիկ հաջողություններ, որոնք արձանագրել եմ: Դա միայն աշխատանք կարող եմ որակել, քանի որ որպես դերասանուհի, ինձ համար այցեքարտ չի դարձել, դրանով չեմ ինքնահաստատվել: Դա աշխատանքի մեկ այլ տարբերակ է, որը ես սիրում եմ:
- Ի՞նչն է Ձեզ պահում սերիալներում:
- Աշխատանքի ալտերնատիվ տարբերակը, ֆինանսական եկամուտը: Սերիալի բոլոր թերություններով հանդերձ ես սիրում եմ սերիալը: Կարող եմ հպարտորեն ասել, որ միշտ եղել եմ «Արմենիա» հեռուստաընկերության լավագույն նախագծերում: Բացի այդ, դերասանը պիտի աշխատի և՛ բեմում, և՛ էկրանին, և՛ գեղարվեստական ֆիլմերում, հատկապես, 21-րդ դարի դերասանը: Այսօր ամեն ինչ այնպիսի ռիթմով է ընթանում, որ մի բան է շնորհք ունենալ, այլ բան է դա ներկայացնել ժամանակին համահունչ: Այսօր լսարանը սերիալային է, և մենք աշխատում ենք այդ լսարանի համար: Տա Աստված, որ մի օր այդ լսարանը որակապես այնքան բարձրանա, որ ունենանք միայն գեղարվեստական արժեք ունեցող գործեր, մենք էլ ներգրավված լինենք դրանցում:
- Չնայած սերիալները շատ են դիտվում, միաժամանակ չափազանց շատ են քննադատվում: Վրդովվու՞մ եք դրանից:
- Դա մեր ազգի ֆենոմենն է: Ես շատ լավ գիտեմ սերիալի թերությունները, որովհետև ներսի մարդ եմ, գիտեմ նաև առավելությունները: Առողջ քննադատությանը միանշանակ կողմ եմ, իսկ հիվանդագին, պարզապես պարապ մարդկանց բամբասանքների մասին ոչինչ չեմ ուզում ասել: Թող իրենք էլ քննադատեն, բամբասեն, ասեն' սա ինչ է, մենք չենք նայում:
Շարունակությունը` այստեղ: