Անավարտ թռիչք ու անավարտ հույզեր… կայացավ 2006 թվականի մայիսի 3-ին Երևան-Սոչի ողբերգական չվերթի մասին «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերան: Տիգրան Մակարյանի, Տաթև Հովակիմյանի, Սերժ Ավետիքյանի, Լուիզա Ղամբարյանի, Վարդան Հովսեփյանի, Գայանե Ասլամազյանի, Արևիկ Սանթրոսյանի, Անի Երանյանի, Արփինե Իսրայելյանի, և այլ դերասանների մասնակցությամբ ֆիլմի առաջին գնահատողները ցուցադրությունից դուրս էին գալիս արցունքոտ աչքերով:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ում երգը դարձավ ֆիլմի սաունդթրեքը, խոտովանեց, որ իր համար շատ դժվար է գնահատական տալ, քանի որ ստեղծագործական կազմի մի մասնիկն է եղել: «Որքան էլ տարիներ անցնեն, այս ողբերգությունը չի մոռացվելու: Այսօր փորձեցի ֆիլմը դիտել որպես հանդիսատես: Մարդկային առումով այն շատ հուզեց ինձ, ես չէի նայում գնահատական տալու համար, ես դիտում էի այդ 113 զոհերից մեկի կիսատ պատմությունը, որից շատ հուզվեցի»,-ESem.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Ողբերգական չվերթից հետո օդում կախված մի շարք վարկածներ կային, որոնք շրջանառվում էին որպես վթարի իրական պատճառ: Այս ամենը դուրս չէր մնացել ֆիլմից. ներկայացված էր, թե ովքեր են նստում ինքնաթիռ, ինչ մթնոլորտ է օդանավում… ամենը ցուցադրված էր երկրորդ պլանով, սակայն ուշադիր հանդիսատեսի աչքից վրիպել չէր կարող: ESem.am-ի հարցին ի պատասխան ռեժիսոր Ելենա Արշակյանն ասաց, որ ինքը, սցենարիստ Անահիտ Մխիթարյանը և պրոդյուսերները հանդիումներ են ունեցել քննիչների հետ, մանրամասն ծանոթացել գործին, տեսել այնպիսի նկարներ, կարդացել այնպիսի հոդվածներ, որոնք հասարակությանը ծանոթ չեն:
«Ֆիլմում օգտագործված էր այն վերջին նախադասությունը, որն իրականում հնչել է ինքնաթիռում: Դա փաստում է, որ մենք մանրակրկիտ աշխատանք ենք տարել՝ գործը ներմալ ներկայացնելու համար,- նշեց Ելենան՝ շեշտելով, որ ֆիլմում չկա պատահական ոչ մի հերոս: -Նա, ով կմտածի, թե օդանավակայունում ինչ-որ մեկն ուղղակի «մասովկա» էր, անցավ, կսխալվի: Բոլորն իրական կերպարներ են, ուղղակի էթիկայի կանոններից ելնելով անուններ չեմ նշում»: Մեր հարցին՝ չի՞ կարծում, որ դա կրկին քննարկումների ալիք կբարձրացնի, ռեժիսորը պատասխանեց. «Ոչ, որովհետև անուններ չենք նշում»:
Գլխավոր հերոսին մարմնավորած Տիգրան Մակարյանը խոստովանեց, որ թեպետ ինքը շուտ չի հուզվում, ֆիլմը դիտելիս արցունքները գլորվել են: «Ֆիլմից ստացած հույզերս շատ էին: Ֆիլմի սկզբում նայում էի՝ ինչ եմ արել, ինչպես եմ արել, բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ այլևս ուշադրություն չեմ դարձնում դրան, ուղղակի դիտում եմ ֆիլմը, որը կպավ սրտիս ու գլորվեցին նրանք… մի քանի անգամ նույնիսկ փորձել եմ երեսս փակել»,- նշեց դերասանը:
Գլխավոր հերոսուհուն դերակատար Տաթև Հովակիմյանն էլ ասաց, որ չի կարող կարծիք հայտնել իր դերակատարման մասին, սակայն ֆիլմը շատ հուզիչ էր: «Ֆիլմի վերջին կադրն ինձ շատ հուզեց, իսկ ինքնաթիռի բախման ժամանակ ամբողջ մարմնովս դող անցավ՝ պատկերացրի 113 ընդհատված կյանքը… Ինչ-որ մեկն ասել էր՝ վաղը կգամ, ես քեզ սիրում եմ, սպասիր ինձ, բայց…»,- նշեց դերասանուհին:
Ֆիլմից հուզվեց Ամալյա Հովհաննիսյանը