Արցախի Անկախության տոնի առթիվ հայկական երկրորդ հանրապետությունում յուրահատուկ միջոցառում կանցկացվի: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները, նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Լյուբով Կազարնովսկայան : Որպես դիրիժոր հանդես կգա Անատոլի Լևինը:
Իրադարձությանը մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական «Վարարակն» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան) և Արցախի պետական «Մռակած» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան) կամերային երգչախմբերը:
Միջոցառմանը հանդես կգան Յանա Սաֆոնովան (սոպրանո / Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը ( մեցցո սոպրանո / Սերբիա), Ալեքսանդր Չերնովը (տենոր / Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (բաս / Իտալիա): Մուտքն ազատ է: