Facebook-ում ստեղծվել է «Ազատագրվենք համբուրվելով» անվանմամբ խումբ, որի նախաձեռնողները զույգերին սեպտեմբերի 21-ին հրավիրում են Հանրապետության հրապարակ՝ համբուրվելով պաշտպանել անկախությունը։

«Սեպտեմբերի 21-ին պաշտպանենք մեր անկախությունը, լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով: Գալիս ենք զույգերով կամ կազմում զույգեր: Ստանում ենք գլխակապեր՝ բանդանաներ, որոնց վրա գրված է՝ «Ազատ Անկախ Հայաստան» ու համբուրվում՝ հնարավորինս երկար: Դե ձեզ տեսնեմ, ոնց եք պաշտպանելու Հանրապետությունը: Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր»,- նման հայտարարությամբ են հանդես եկել խմբի նախաձեռնողները:

Նախաձեռնությանը մասնակցելու պատրաստակամություն սակայն քչերն են հայտնել, մի քանի ժամում դեռևս 13 օգտատեր, 24 օգտագեր էլ նշել է, որ գուցե մասնակցի ակցիային։

Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը խմբում իր մտահոգությունն է հայտնում նման նախաձեռնության համար, մասնավորպես գրելով. «Ժողովուրդ, վստա՞հ եք, որ ճիշտ բան եք մտածել: Հարցի ընդհանուր էժանացման ու անլրջացման ֆոնին, որ հստակորեն վարում ա Սերժը, նման ակցիան չեմ կարծում, թե տեղին էր: Մանավանդ որ' նույն օրը Անկախության երթ կա, որը վաղուց ա պատրաստվում»։