Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա  հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրադարձությունն անցկացվում է  ՀՀ  Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ: «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան կնվիրվի Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:


Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, իսկ ռեժիսորը` Մարիա Սահակյանը: Օպերայում որպես մենակատարներ ելույթ կունենան բարիտոն Գուրգեն Բավեյանը, սոպրանո Ռուզան Մանթաշյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և այլք: «Կրակե օղակ» օպերան կներկայացնեն թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան) և բալետային խումբը (գեղարվեստական ղեկավար`Վիլեն Գալստյան), ինչպես նաև «Սպեղանի», Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը: 

 

Տերտերյանը «Կրակե օղակ» օպերան գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը:

 

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն իր ստեղծագործական կյանքն սկսել է որպես նորարար: Նա հանդիսատեսին է մատուցել միանգամայն անծանոթ հնչյունային աշխարհ, որտեղ նոր կյանք ստացել ու նորովի են հնչել հին հայկական ծիսական ձայները՝ լեցուն ժողովրդական տոների խանդավառությամբ, ինչպես նաև կորուստների անամոք վշտով: Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հանրահայտ բեմերում՝ այդ երկրներում անցկացված միջազգային փառատոնների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում: