One Direction բրիտանական փոփ-խումբը դարձել է "MTV European Music Awards 2014" (MTV EMA 2014) երաժշտական մրցանակի հաղթահերոսը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի երեկոյան Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

One Direction-ը հաղթել է չորս անվանակարգում, այդ թվում՝ «լավագույն փոփ-խումբ», «լավագույն համերգային խումբ», «Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի լավագույն խումբ», ինչպես նաև «լավագույն երկրպագուներ»: Վերջին կատեգորիայում հաղթել է նաև երաժիշտ Ջասթին Բիբերը, որը, բացի այդ, պարգեւներ է ստացել որպես «լավագույն երգիչ» եւ «լավագույն կանադացի կատարող»:

 

"5 Seconds of Summer" ավստրալական համույթը պարգեւատրվել է որպես «լավագույն ավստրալական խումբ», «լավագույն նոր խումբ» և «տարվա ճեղքում»:

 

Իր հերթին ամերիկուհի Արիանա Գրանդեն պարգեւ է ստացել «Լավագույն երգ» անվանակարգում Problem կոմպոզիցիայի համար, որը ձայնագրվել է ավստրալուհի ռեփ-կատարող Իգա Ազալիայի մասնակցությամբ: Գրանդեն նաեւ ճանաչվել է «Լավագույն երգչուհի»:

 

Էնրիկե Իգլեսիասը ճանաչվել է «լավագույն իսպանացի կատարող»: Նա նաև պարգև է ստացել «լավագույն կատարում "World Stage" նախագծի շրջանակներում» անվանակարգում:

 

Երգչուհի Քեթի Փերրին, որը չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, հաղթել է «լավագույն կերպար» և «լավագույն տեսագրություն» անվանակարգերում "Dark Horse" երգի տեսահոլովակի համար:

 

Չինացի երգչուհի Բիբի Ջոուն ստացել է երկու պարգեւ՝ որպես «լավագույն կատարող մայրցամաքային Չինաստանում և  Հոնկոնգում», ինչպես նաև «լավագույն միջազգային կատարող»:

 

Ամերիկուհի Նիքի Մինաժը, որն այդ երեկո վարում էր արարողությունը, հանդես է եկել Anaconda իր նոր հիթով և մրցանակ ստացել «լավագույն հիփ-հոփ նախագիծ» անվանակարգում:

 

Դրա հետ մեկտեղ 30 Seconds to Mars ժողովրդականություն վայելող համույթը ճանաչվել է «լավագույն այլընտրական խումբ», Linkin Park-ը՝ «լավագույն ռոք-խումբ», իսկ շոտլանդացի Քելվին Հարիսը՝ «էլեկտրոնային երաժշտության լավագույն կատարող»:

 

"MTV European Music Awards 2014" ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնվել է 1994 թվականին: Ամեն տարի այն անցկացվում է Եվրոպայի տարբեր խոշոր քաղաքներում: 2013 թվականին պարգևները հանձնվել են Ամստերդամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: