Չկա մի մարդ, ում համար կարևոր չեն սերն ու անձնական երջանկությունը: Ինչքան էլ հաջողակ լինես գործում, հարուստ ու հարգված շրջապատում, ուրախությունդ լիարժեք չի լինի, եթե կողքիդ չկա հոգեհարազատ մեկը, ով անկեղծորեն կկիսի ուրախությունդ և կհասկանա թախիծդ: Ոմանք նրան անվանում են երկրորդ կես, ոմանք «միակը ճակատագրով»… Սիրո մասին շատ է խոսվել և դեռ շատ կխոսվի, բայց գաղտնիքը, թե ինչու է կախարդանքի պես ձգողություն առաջանում հենց տվյա’լ երկուսի միջև և ինչ էլ անես չի ստացվում' մեկ այլ երկուսի հարաբերություններում, առ այսօր ոչ ոք չի բացահայտել:
Ոչ ոք չի սովորում սիրել. սիրում ես այնպես, ինչպես կարող ես միայն դու: Իսկ սիրելիս նոր լույսով ես տեսնում թե’ ինքդ քեզ, թե’ ողջ աշխարհը:

Ներկայացնում եմ թե ժողովրդական, թե ժամանակակից հայտնի մտավորականների, խելացի մարդկանց մտքերից: Օգտվում եմ Սոնա Սե‎‎ֆերյանի «Իմաստախոս ժողովուրդը» գրքից:

«Գեղեցիկ աղջկա ամուսնությունը կիսով չափ հաջողված է»:

* * *

«Զգուշացիր պակասավոր տղամարդուց և 3 անգամ ամուսնացած այրուց»:

* * *

«Գյուղում մի լավ կին կա' ամեն մարդ կարծում է ' իր կինն է»:

* * *

«Ամուսնալալուց առաջ ընտրյալիդ վրա աչքերդ լավ բաց արա, հետո դրանք կիսախուփ արա»:

* * *

«Եթե ինձ սիրում ես, շանս էլ կսիրես»:

* * *

«Ամուսնությունը շատ ցավեր ունի, բայց ամուրիությունը հաճույքներ չունի»:

* * *

«Տղայիդ ամուսնացրու, երբ որ ուզենաս, աղջկադ ամուսնացրու, հենց որ կարենաս»:

* * *

«Եթե ուզում եք իմանալ աղջկա թերությունները, ընկերուհիների մոտ գովաբանեք նրան»:

Այն տղաներին, ովքեր փնտրում են ընտրյալ, ժողովուրդը այսպիսի մի հիշեցում է անում.

«Իր իսկական տարիքն ասող կնոջը չի կարելի վստահել»:

* * *

«Վատ կտորից լավ վերարկու չես կարի»:

* * *

«Այնտեղ, որտեղ ամուսնությունն առանց սիրո է, կլինի նաև սեր' առանց ամուսնության»: Վիլյամ Սարոյան

* * *
«Կանայք պետք է հիանան տաղանդավոր մարդկանցով, նայեն նրանց' իբրև հրապուրիչ տեսարանի, բայց ապրել նրանց հետ ' երբեք»:
Գրիգոր Գուրզադյան

* * *
«Սերը ևս պետք է կազմակերպել կարողանալ: Դա այն չէ, ինչը երկնքից է ընկնում: Եթե կազմակերպիչը տաղանդավոր է, սերը ևս լավը կլինի»:
Դերենիկ Դեմիրճյան
* * *

«Տան գլուխը նա է, ով ավելի խելացի է, կառավարելու ընդունակ, անկախ նրանից կին է, թե տղամարդ»: Վահրամ Փափազյան

* * *
«Ամուսնության ճակատագիրը շատ հաճախ լուծվում է առաջին գիշերը»:
Շաքե Թուխմանյան

* * *
«Երջանիկ է այն մարդը, ով իր կնոջը կսիրի որպես սիրուհու և դժբախտ է նա, ում սիրուհին իր հետ կվարվի որպես ամուսնու»: Վահագն Դավթյան

* * *

«Կնոջ համար կարևոր է ոչ թե ամուսինը, այլ ամուսնությունը»:
Մկրտիչ Արմեն
* * *

«Կա մի հետաքրքիր, անցանկալի օրինաչափություն դարձած սովորություն: Եթե հասարակական վայրում տղամարդը անտարբեր է ու անուշադիր իր հետի կնոջ նկատմամբ, ուրեմն' դա նրա կինն է»: Մկրտիչ Արմեն

* * *

Տղան մորը հարցնում է.
-Ի՞նչ բան է հարսնացուն:
- Հարսնացուն այն կինն է , ասում է,- մայրը, որին խոստանում են այն ամենը, ինչ որ նա չի ստանում ամուսնանալուց հետո:

Տղամարդիկ էլ ետ չեն մնում չարախինդ սրամտելուց ամուսնության մասին.

Տղամարդու համար ո՞րն է հաջող ամուսնությունը,- հարցնում են ուսանողները հաջող ընտանիք կազմած դասախոսին.
- Դա այն է, ,- ասում է դասախոսը,- երբ ձեռքդ մտցնում ես թունավոր օձերով լի պարկի մեջ և բարեբախտաբար հանում ես լորտու:

Կիսահումորային մի տարբերակ, որը ճիշտ կիրառելու դեպքում, երջանիկ կլինեք.

Լավ ամուսնության պատրաստման եղանակը.
«Հավատարմությունը խառնել հավատարմության հետ, ավելացնել շոյանքներ, ժպիտներ և խենթացնելու աստիճան քնքուշ սեր: Այս բոլորը շրջապատել գրկախառնություններով և եթել բոցավառ կրակի վրա, ապա ավելացնել մի կաթիլ խանդ և զարդարել համբույրներով:Չպաղեցնել սիրո կրակը, քանզի այդ ճաշը տաք-տաք կուտվի»:

Սերը չի սիրում բանաձևեր ու սահմանումներ: Սերն ինքը ազատությունն է, գեղեցիկը և իմաստավորումը ապրած կյանքի: Մի փորձեք բացատրել, վերլուծել, ծրագրել սերը: Այն միշտ գալիս է անակնկալ: Պարզապես մի խզեք բարու հոսքը դեպի ձեզ սեփական չարությամբ և տեսեք հրաշքները, որ կատարվում են ձեր կողքին: