Reddit-ի օգտատերերից մեկը կիսվել է պատմությամբ, թե ինչպես է ամուսնության առաջարկ արել աղջկան և իմացել նրա մասին անսպասելի ճշմարտությունը։ Անհաջող նշանադրության ժամանակ պոտենցիալ հարսնացուն խոստովանել է, որ սիրահարված է նրա լավագույն ընկերոջը, գրում է Lenta.ru-ն։

Գրառման հեղինակը պատմել է, որ աղջկա հետ հանդիպել է հինգ տարի, իսկ մեկ շաբաթ առաջ որոշել է ամուսնության առաջարկություն անել։ Նա նշել է, որ իր սիրելին աշխատել է որպես ուսուցչուհի և շատ քիչ է վաստակել, ուստի ամբողջությամբ ապահովել է նրան և հոգացել նրա բոլոր կարիքները։ Նրանք միասին ապրել են իր տանը, որտեղ էլ ընկերներին հրավիրել է նշանադրություն կազմակերպելու։

«Ես ծնկի իջա և տվեցի նրան իմ կյանքի ամենակարևոր հարցը, իսկ նա պարզապես նայեց ինձ, իսկ հետո նայեց իմ լավագույն ընկերոջը», - նկարագրել է նա իր ամուսնության առաջարկը: Այնուհետև աղջիկը դիմել է տղայի լավագույն ընկերոջը, ում անունը Մայք է, և հարցրել, թե արդյոք նա ուզում է որևէ բան ասել: Ի պատասխան՝ ընկերը զարմացած նայել է նրան և ասել, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։

Աղջիկը պատմել է, որ ընկերոջ հետ հարաբերությունների հենց սկզբից սիրահարված է եղել նրա ընկերոջը։ Հետո նա մեղադրել է Մայքին, որ թույլ է տվել իր ընկերոջը պաշտոնական կերպով ամուսնության առաջարկ անել իրեն։ «Ես զայրացած էի այն մտքից, որ իմ լավագույն ընկերը քնում է այն կնոջ հետ, ում հետ պատրաստվում էի անցկացնել իմ մնացած կյանքը»,- դժգոհել է պատմության հեղինակը և հավելել, որ իր ընկերն այդպես էլ չի հաստատել աղջկա պնդումները։ Մայքը վստահեցրել է, որ ինքն ու աղջիկը երբեք մի քանի րոպեից ավելի իրար հետ մենակ չեն մնացել։

Պատմության հերոսի խոսքով՝ տեղի ունեցածից հետո որոշել է խզել հարաբերությունները սիրելիի հետ և նրան վտարել է իր տնից։ Աղջիկը խնդրել է իրեն դուրս չվռնդել, քանի որ այդ դեպքում ապրելու տեղ չի ունենա։ «Ես ասացի, որ արժեր մտածել այդ մասին նախքան ընկերոջս հասնելու համար ինձ օգտագործելը», - եզրափակել է տղան:

Մեկ շաբաթ անց աղջիկը շարունակել է զանգահարել իր նախկին սիրելիին։ Գրառման հեղինակի խոսքով՝ ինքը այդ ժամանակ փորձել է կապ հաստատել իր ընկերոջ հետ, սակայն վերջինս դեպքից անմիջապես հետո արգելափակել է իրեն։ Հրապարակման տակ գտնվող մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր աջակցել են հեղինակին։ Ոմանք կարծում էին, որ աղջիկը տղային օգտագործել է նրա հաշվին ապրելու և ընկերոջ հետ ավելի մոտ լինելու համար։ Մյուսները ենթադրել են, որ աղջիկը հոգեկան հիվանդ է։