Ոճաբան Արամ Նիկոլյանը վերջերս հետաքրքիր առաջարկ է ստացել ամերիկացի լուսանկարիչ Մարկ Հոլթյուզենից, որի բացառիկ մանրամասները վստահել է ESem.am-ին:

 

 

«Մարկը «fashion» լուսանկարիչ է Նյու Յորքում, ինձ Ֆեյսբուքով էր գտել: Երբ նրան հարցրեցի, թե ինչպես է ինձ գտել, ասաց, որ համաշխարհային նորաձևությունը կենտրոնացած է մի քանի քաղաքների վրա՝ Փարիզ, Միլան, Նյու Յորք և այլն ու, ինչ-որ առումով, հնարավոր չէ նոր բան ասել մարդկանց, հետաքրքիր մի բան ցույց տալ. ձանձրացնում ես նույն մարդկանց հետ կապված նախագծերով: Մարկը որոշել է ցույց տալ նաև փոքր երկրներում ներաձևության հետ կապված աշխատանքները, գուգլում փնտրել է «armenian fashion» և իր հավանած նկարներով գտել ինձ»,- պատմեց Արամ Նիկոլյանը:

 

 

Ոճաբանը նշեց, որ ինքը, տեսնելով Մարկի աշխատանքները, որոնք բավականին հետաքրքիր են, համաձայնել է և լուսանկարիչը ժամանել է Հայաստան: Մարկը եկել է ինֆորմացիայով «զինված» և մանրակրկիտ մտածած, թե ինչ է ուզում ստանալ: Մինչ Հայաստան գալը նա որոշել էր, որ ֆոտոշարքը պետք է լինի Կասկադի տարածքում: «Նա դեռ չէր եղել Հայաստանում, բայց այնպես էր ուսումնասիրել, որ դետալներով գիտեր՝ որտեղ ինչ է ուզում ստանալ: Իր այդ պրոֆեսիոնալ աշխատելաոճն արդեն  հետաքրքիր էր»,- նկատեց Արամը: Նրա փոխանցմամբ՝ ֆոտոշարքը կազմակերպել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

 

 

Ոճաբանից տեղեկացանք, որ Մարկին գրավել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ «Fashion road» նախագծի շրջանակներում իր և ռումինացի նկարիչ-մոդելավորող Անդրա Քլիցանի ստեղծած հավաքածուն, որը նվիրված է  Հայաստանի ժամանակակից արվեստների թանգարանին: Արամը հայտնեց, որ ընտրված 4 հագուստներից երկուսն իրենն են, երկուսը՝ Անդրայինը:

 

«Ամեն բան շատ արագ է կազմակերպվել: Այն, լուսանկարները, որոնք ես տեսել եմ, շատ են հետաքրքրել ինձ: Ցանկացած պրոֆեսիոնալ մարդու հետ հաճելի է աշխատել, տեսնել, թե նա որքան ուշադիր է ամեն մանրուքի վրա և որքան կազմակերպված է անում ամեն բան: Կարծում եմ՝ հենց դրա շնորհիվ էլ նախագիծը շատ արագ կայացավ»,- ասաց Արամն ու հավելեց, որ ամբողջական ֆոտոշարքը շուտով պատրաստ կլինի:

 

 

Մանեքենուհիներին՝ Անուշիկ Մանուկյանին ու Մարի Էֆենջյանին, նրանց դիմահարդարումն ու վարսահարդարումը ոճաբանն ու լուսանկարիչը համատեղ են ընտրել:

 

Արամի փոխանցմամբ՝ Մարկը շատ տպավորված էր Հայաստանով ու իրենց համագործակցությամբ:  «Հետագա համագործակցության  ծրագրեր կան, թե՛ այստեղ, թե՛ Նյու Յորքում»,- ասաց Արամն ու հավելեց, որ առաջին նախագիծը լուսանկաների ցուցահանդեսն է, որը ցանկանում են անել Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Մյուս նախագիծը բացահայտել ոճաբանն առայժմ չցանկացավ:

 

 

«Ինձ համար շատ զարմանալի էր, որ մարդն օվկիանոս կանցնի, կգա մի երկիր, որտեղ նորաձևությունն այնքան էլ զարգացած չէ, որովհետև ինքը շատ հետաքրքիր ինչ-որ բան է գտել այդ ամենի մեջ,- ասաց Արամը՝ նշելով, որ բոլոր ծախսերը հոգացել է լուսանկարիչը,- Ես ինչով կարողացել եմ, օգնել եմ իրեն, բայց ծասերի մեծ մասը՝ ճանապաարհածախս, մոդելների վարձատրում և մյուս հարցերն ինքն է հոգացել:

 

Զարմանալի էր այնքանով, որ կարող ես հետաքրքրել նման պրոֆեսիոնալ մարդուն, բայց և մի քիչ հպարություն կա, որ աշխարհում կան նմանատիպ մարդիկ ու փորձում են հետաքրքրություն գտնել մեր կարգի երկրների վրա: Ինձ համար շատ մեծ պատիվ, իմպուլս ու հետաքրքրություն է այն փաստը, որ Հայաստանի նորաձևությունը կարելի է ցուցադրել Նյու Յորքի պես երկրում, որտեղ նորաձևությունը զարգացած է»:  


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը