Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը` «Էդգար Հովհաննիսյան-ֆեստ»-ը հատեց եզրագիծը: Փետրվարի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց փառատոնի եզրափակիչ համերգը: ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։


Փակման համերգի ընթացքում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Հնչեցին ոչ միայն Էդգար Հովհաննիսյանի, այլև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

«Էդգար Հովհաննիսյանը մեր մեծագույն կոմպոզիտորներից է: Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններն անրաժեշտ է կատարել և բեմ բարձրացնել: Մենք պետք է բեմ հանենք դրանք և հնչեցնենք, որպեսզի ունկնդրին ներկայացնենք, և ժամանակը ցույց կտա, թե դրանք ինչպիսի գործեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Ասատրյանը:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ հունվարը բավականին ակտիվ ամիս էր նվագախմբի համար: «Կարծում եմ` փառատոնի ընթացքում հանդես եկած թե՛ նվագախումբը, և թե՛ արտիստները շատ բարձր են գնահատում փառատոնի արժեքը: Շատ մեծ ծավալի աշխատանք  է կատարել: Մենք փառատոնի այս վեց տարվա ընթացքում նշել ենք շատ կոմպոզիտորների հոբելյարները»,- ընդգծեց Սերգեյ Սմբատյանը:

 

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Սարյան-ֆեստ» (2010թ.), «Բաբաջանյան-ֆեստ» (2011թ.), «Չուխաջյան-ֆեստ» (2012թ.), «Ռոմանոս Մելիքյան-ֆեստ» (2013թ.) և «Տերտերյան-ֆեստ» (2014թ.)՝ փայլուն անունների այս վառ աստղաբույլը  2015-ին համալրվեց հայ երաժշտարվեստի ևս մեկ նվիրյալի անունով: 

 

Հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոնը ներկայացնում էր համերգային երեք երեկո (հունվարի 20, 30 և փետրվարի 4), որոնց ընթացքում հնչեցին Է.Հովհաննիսյանի գործիքային-կամերային, դաշնամուրային և սիմֆոնիկ, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: