«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի բացման արարողությունը կկայանա մայիսի 10-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում: Փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սիրանույշ Նազլուխանյանը տեղեկացրեց, որ «Մեկ տանիքի ներքո» խորագրով փառատոնի «Թատերական արվեստ», «Կինոարվեստ» և «Կերպարվեստ» ցուցադրությունների ցանկն արդեն հաստատված է: «Թատերական արվեստ»-ի շրջանակում ապրիլի 23-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 25 ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ՀԹԳՄ-ում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, ինչպես նաև «Թատրոն 32»-ում: Փառատոնի «Կինոարվեստ» խորագրով ցուցադրությունները մայիսի 19-21-ը կանցկացվեն «Նարեկացի արվեստի միությունում»:

 

«Կերպարվեստ» անվանակարգում գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, լուսանկարչության ցուցադրությունները այցելուներին կներկայացվեն մայիսի 19-ին, 20-ին և 21-ին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

 

«Արտ-ֆեստ»-ն իր կենսագրությունն սկսել է 2013 թվականին: Փառատոնի հիմնադիրն է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը, ում հիշատակին էլ այս տարի կնվիրվի «Արտ-ֆեստ»-ը: Փառատոնը ներկայացուցչական մրցութային բնույթի է, որին մասնակցում են մշակութային միավորումներ, ստեղծագործական խմբեր եւ անհատներ: Այն նպատակ ունի աշխուժացնել մայրաքաղաքի, մարզերի երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտել նոր անուններ, ընդլայնել ստեղծագործ երիտասարդների մասնագիտական համագործակցության շրջանակը: