«Մեկ տանիքի ներքո» խորագրով մայիսին իր ընթացքը կսկսի «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը: Փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում է ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դեկան,պրոֆեսոր Աննա Հեքեքյանը:

 

«Արտ-ֆեստ» փառատոնը նոր ռիթմեր, երանգներ ու հույզեր է բերում մեր կյանքին: Հնարավորություն է ընձեռում ցուցադրվելու, բեմահարթակ ու կինոէկրան տրամադրում: Այս տարվա մասնակիցները և ակնդիրները երիտասարդական պրպտումների, անսպասելի լուծումների, խոր հարցադրումների և բուռն վերլուծությունների ակնկալիք ունեն»,-  նշեց Հեքեքյանը:

 

Նրա խոսքով, երիտասարդ ստեղծագործողների անկեղծությունը, հոգևոր ուժն ու արարելու կամքը մեր երկրի ապագայի գրավականն են:

 

«Երիտասարդները կցանկանա՞ն, կկարողանա՞ն ստեղծագործաբար, գործին անսահման նվիրումով ներդնել իրենց տաղանդը՝ կախված է նաև միջավայրի դրական էներգետիկայից: Լինենք բարեհոգի, հանդուրժող, քննախույզ և անաչառ»,- ընդգծեց թատրոնի ֆակուլտետի դեկանը` երիտասարդական ստեղծագործությանը վերելքներ և թռիչքներ մաղթելով:

 

«Արտ-ֆեստ»-ն իր կենսագրությունն սկսել է 2013 թվականին: Փառատոնը կազմակերպում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մշակութային միավորումներ, ստեղծագործական խմբեր և անհատներ: Այն նպատակ ունի աշխուժացնել մայրաքաղաքի, մարզերի երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտել նոր անուններ, ընդլայնել ստեղծագործ երիտասարդների մասնագիտական համագործակության շրջանակը: