«Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն օգոստոսի 17-ին՝ մրցույթի երկրորդ օրը, հանդես է եկել առաջին համարի ներքո՝ Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները հայ պատվիրակի ելույթը 55 հնարավորից 50 միավոր են գնահատել:
Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ «Մանկական նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրվա մեկնարկին այս տարի տարօրինակ նորամուծություն է տեղի ունեցել: «Համերգից րոպեներ առաջ կազմակերպիչները հրավիրեցին բոլոր 17 երկրների մասնակից երեխաների ծնողներին՝ ելույթ ունեցողների համար ժյուրիի հետ հավասար քվեարկելու նպատակով: Ընդ որում՝ ծնողներն իրենց երեխաների համար չէին կարող քվեարկել: Մեր հարցին՝ ինչու են որոշել նման բան անել, կազմակերպիչները նշեցին, որ ժյուրիի անդամները քիչ են, և իրենք որոշել են, որ ծնողները ևս պետք է քվեարկեն»,-նշեց Կյոկչյանը:
Քվեարկությանը մասնակցել է նաև Դավթի հայրը՝ Արտակ Վարդանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ ոք չէր սպասում, որ նման բան տեղի կունենա: «Ծնողները հայտնվեցին բարդ իրավիճակում, որովհետև կարող էին հինգ միավոր նշանակել ընդամենը երեք անգամ, չորս միավոր՝ կրկին երեք անգամ և այդպես շարունակ: Նույնիսկ չկարողացանք հաշվարկել, թե ով որքան միավոր ստացավ»,-նշեց Արտակ Վարդանյանը:
Գրիգոր Կյոկչյանն էլ հավելեց, որ ծնողները Դավթին այնքան էլ բարձր չեն նշանակել, թեպետ պրոֆեսիոնալ ժյուրին նրա ելույթից հետո միայն 10 միավորներ է դրել: «Դավիթը շատ լավ երգեց, և կատարեց իր առջև դրված խնդիրը: Ժյուրին այս մրցութային օրը շատ խիստ էր գնահատում, և միավորները ցածր էին: Պատճառներ փնտրել չեմ սիրում, սակայն մեր 10 միավորները, կարծում եմ, պայմանավորված էին հենց նրանով, որ Դավիթը հանդես է եկել հենց առաջին համարի ներքո»,-նշեց Կյոկչյանը:
Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ մրցույթի առաջատար՝ Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Բոյկոն, պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների կողմից այսօր էլ ստացավ 11-եր, սակայն ծնողները նրան այնքան ցածր նշանակեցին, որ նա չի էլ հաղթի մրցույթում: «Արդյունքում՝ ծնողների քվեարկության շնորհիվ, կարծես թե առաջատար է Բելառուսի ներկայացուցիչ Ռուսլան Ասլանովը: Դավիթն, ըստ իմ հաշվարկների, հավանաբար կզբաղեցնի 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը»,-հավելեց Դավթի երաժշտական պրոդյուսերը: Այնուամենայնիվ, Դավիթը և Գրիգորը չեն հուսահատվում, և համոզված են, որ մրցույթի մեր պատվիրակը շատ լավ է հանդես եկել:
«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթն անցկացվում է օգոստոսի 16-18-ը: Այս տարի ժյուրիի կազմում հանդես են գալիս անվանի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում է մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը: Մրցույթի այս տարվա հայ պատվիրակ Դավիթ Վարդանյանը օգոստոսի 16-ին կատարել է Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով և հնարավոր 55 միավորից ստացել 54-ը:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:
«Մանկական նոր ալիք»-ի ընթացքին հետևում է Ռոզա Գրիգորյանը