«Մանկական Նոր ալիք-2016»-ի հայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում և գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը' այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» և «Uptown Funk» երգերը:

 

Փոքրիկ Միշան մրցույթի ընթացքն ու ստացած տպավորությունները դեռ երկար կհիշի, քանի որ այն իր մասնակցությամբ առաջին միջազգային մրցույթն էր: Միշան մրցույթի շրջանակում իր եզրափակիչ շնորհակալական խոսքում բոլորին հրավիրել է իր հայրենիք: «Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետեւ ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան եւ Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերեր եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- նշում է Միշան: