«Բանակում» սերիալի հերոսների «Քաղաքում» տեղափոխվելուց հետո դերասան Կարո Հովհաննիսյանը տևական ժամանակ չէր նկարահանվում երկրորդ սերիալում, սակայն հիմա գրեթե ամեն օր կարելի է նրան տեսնել էկրանին: Ըստ Կարոյի` ժամանակավոր դադարն իրեն հնարավորություն է տվել, որ այժմ ավելի լավ ներկայանա հանդիսատեսին: Այդ ընթացքում Թատերական ինստիտուտի դրամատիկական թատրոնի դերասանի բաժինն ավարտած Կարոն շարունակել է աշխատել ու որպես դերասան նկարահանվել է «Փոքրիկ զորավարը» գեղարվեստական ֆիլմում:
Կարոյի փոխանցմամբ` «Քաղաքումի» իր կերպարի` Ժանի ու իրական Կարոյի միջև տարբերությունը 180 աստիճան է: «Մեծ հաճույքով եմ խաղում այս դերս ոչ միայն այն պատճառով, որ տարբերվող է, այլև այն բացվելու տեղ ունի,- ասաց դերասանը և նշեց, որ իր կերպարի մասին շատ տարբեր կարծիքներ է լսում: -Շատ են ասում՝ վայ էն «գոմիկը» կամ «գլամուրնի» տղան, բայց դրանից ամենևին չեմ նեղվում, որովհետև կան մարդիկ, որոնց մենթալիտետը թույլ է. նրանք չեն կարողանում տարբերել մարդուն կերպարից: Ուշադրություն չեմ դարձնում դրանց ու իմ աշխատանքն եմ անում այն հանդիսատեսի համար, ով ինձ սիրում է: Ովքեր չեն ցանկանում, կարող են չնայել»:
Դերասանից պարզեցինք նաև, որ վերջերս որպես հանդիսավար ներկայանալու առաջարկ է ստացել: Օրեր առաջ նա երգիչ դերասան Գոռ Հարությունյանի, Րաֆֆի Ալթունյանի և Լիլիթ Կարապետյանի հետ մեկնել է Սոչի` կորպորատիվ միջոցառում վարելու, որտեղ նաև երգել է: «Հանդիսավարի աշխատանքը նույնպես հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ տեսակի մեջ է մտնում. աշխույժ մարդ եմ, կարողանում եմ ուրախացնել մարդկանց »,-նկատեց Կարոն: