«Քաղաքում» հեռուստասերիալում նկարահանվող Սոնա Մաթևոսյանի մասին ESem.am-ը պատմել է: Սոֆայի դերակատարուհին մոտ մեկ ամիս չի մասնակցել սերիալի նկարահանումներին, ինչի պատճառը ԱՄՆ մեկնելն էր: Սոնան առաջինը մեզ պատմեց Նահանգներ մեկնելու պատճառների ու առաջիկա ծրագրերի մասին:
Թեև Սոնան ԱՄՆ մեկնելու ցանկություն վաղուց է ունեցել, սակայն երբևէ համապատասխան քայլեր չի ձեռնարկել: «Ամռանը հստակ որոշեցի, որ այս տարի պետք է մեկնեմ, ու ամեն ինչ շատ արագ ստացվեց,- ասաց Սոնան, ով, բացի ԱՄՆ-ն բացահայտելը, այլ պատճառ էլ ուներ այնտեղ մեկնելու: -Մի շատ ուրախ առիթի մասնակցեցի. ոչ հարազատ քրոջս հարսանիքն էր: Հարազատներիս 15 տարի չէի տեսել: Երբ օդանավակայանում տեսա նրանց, յոթերորդ երկնքում էի. հայկական-ժողովրդական խոսքով ասած' օդերում էի»:
ԱՄՆ-ում անցկացրած մեկ ամսվա ընթացքում Սոնան հասցրել է ծանոթանալ Կալիֆոռնիայի բոլոր հետաքրքիր վայրերին: Նրա խոսքերով' մինչ մեկնելն արդեն հստակ որոշել էր, թե ուր պետք է գնա, ինչ պետք է տեսնի: Այցելել է նաև մասնագիտությանը մոտ վայրեր՝ «Universal Studios» և «Warner Brothers»:
«Անչափ տպավորված եմ այդ ընկերությունները այցելելուց, քանի որ տեսել եմ հայտնի ֆիլմերի և շոուների նկարահանման հրապարակները,- ասաց դերասանուհին' ընդգծելով, որ բառերով դժվար կլինի փոխանցել այն ամենը, ինչ տեսել է,- «Friends» շոուի տաղավար մտնելիս' սիրտս արագ էր բաբախում, հուզմունքից նույնիսկ արտասվեցի: Տեսա, թե ինչպես են նկարահանվում ֆիլմերը, ինչպես է ջրհեղեղ լինում, որից անմիջապես հետո ամառ «տիրում» կամ ամեն ինչ ձնով պատվում»:
Ըստ Սոնայի' այդ ամենը տեսնելն իր համար վարպետության մեծ դաս էր: Բացի դրանից, նա չափչփել է աստղերի փողոցը' փորձելով գտնել իր սիրելիներին՝ այդ ընթացքում նաև փոքրիկ «միջադեպի» բախվելով: «Ջոնի Դեպի աստղի մոտ նկարվելիս ինձ մոտեցավ մի մարդ և հայերենով հարցրեց' «Քաղաքում» սերիալի դերասանուհի՞ն եմ: Երբ հաստատեցի, նա լայն ժպտաց և աստղը ցույց տալով ասաց' «Էդ ովքեր են, որ նկարվում եք նրանց աստղերի մոտ, դուք եք լավը, դուք»»,-պատմեց Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատող դերասանուհին, ում խոսքերով' իրեն ճանաչողները հիմնականում հետաքրքրվում էին, թե ինչ նպատակով է ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ն դերասանուհուն ստիպել է վերադառնալ մանկություն, երբ նա այցելել է հանրահայտ Դիսնեյ լենդ:
Դերասանուհին պակաս տպավորված չէ Լաս Վեգասի լույսերի առատությունից, շքեղությունից: «Անմոռանալի տպավորություններով և անբացատրելի զգացողություններով եմ վերադարձել: Գրեթե ամեն օր թերթում եմ նկարներս, հիշում ու կարոտում եմ»,- նկատեց Սոնան:
Բացի սերիալում նկարահանվելը, այժմ դերասանուհին մասնակցում է Երիտասարդ էքսպերիմենտալ թատերախմբի կողմից բեմադրվող «Գիշատիչների խնջույքը» ներկայացման փորձերին:
Տպավորությունները փոխանցեց Արևիկ Իսաջանյանը