ESem.am-ն անդրադարձել է «Քաղաքում» սերիալում Նարեկին մարմնավորող Հայկ Պետրոսյանի և Անիի հարսանիքին:

Բացի սերիալում նկարահանվելը Կամերային երաժշտական թատրոնի դերասանը շարունակում է իր գործունեությունը թատրոնում , ինչպես նաև մասնակցում է «Դուետ» նախագծին' երգելով Արմինե Քոչարյանի հետ:

ESem.am-ի հետ զրույցում Թատերական ինստիտուտն ավարտած դերասանը նշեց, որ միանգամից ընդունել է նախագծին մասնակցելու հրավերը: «Իստիտուտում մուտացիայի շրջանի հետ կապված հաճախ չէի մասնակցում երգեցողության դասերին, սակայն բոլորն էլ գիտեին, որ տվյալներ ունեմ»,-ասաց Հայկը, ում խոսքերով' շատ ուրախ է նախագծի շրջանակներում աշխատել վոկալիստի և պրոֆեսիոնալ կազմի հետ: Նա սիրում է երգել և դրա միջոցով լիցքաթափվում է: Դերասանից պարզեցինք, որ իր զույգից ևս գոհ է: «Նա այն զույգերից չէ, ովքեր մշտապես իրենց ասածն են պնդում. հաճախ հարմարվում է ինձ հետ, թեև մեզ մոտ մի քիչ դժվար է լինում երգի ընտրությունը. դժվար ենք գալիս ընդհանուր հայտատարի»,-անկեղծացավ դերասանը:

Խոսելով թատրոնի աշխատանքի մասին՝ Հայկը նշեց, որ Կամերային երաժշտական թատրոնում աշխատում է 2008-2009 թվականներից և զբաղված է գրեթե բոլոր ներկայացումներում: Ամեն շաբաթ և կիրակի նրանք մանկական ներկայացումներ են խաղում, իսկ նոյեմբերից կվերսկսեն թատրոնի խաղացանկային մյուս ներկայացոմները:

Կամերային երաժշտական թատրոնը նրա համար այն վայրն է, որտեղ իր առաջին քայլերն է արել. «Շատ բեմերում եմ խաղացել, սակայն Կամերային երաժշտական թատրոնում անցկացրած տարիները միշտ հիշելու եմ, ինչպես երեխաները հիշում են իրենց մանկության բակը կամ մեկ այլ բան»:

Այս ամենից զատ, Հայկը նաև շոու-ծրագրեր է կազմակերպում, որպեսզի հայտնի դերասան Սոս Սարգսյանի ասած խոսքերը կարողանա իրագործել. «Նա ասել է'«Մարդ զգալու չափ փող ենք ուզում»: Ինքս էլ փորձում եմ ինձ մարդ զգալ»:

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը