Սուրբ Սարգսի տոնի, աղի բլիթ ուտելու արարողության հետ կապված յուրաքանչյուրն իր պատմությունն ու կարծիքն ունի: Հայտնիները շարունակում են դրանք վստահել ESem.am-ին: «Քաղաքում» հեռուստասերիալի Սոֆան՝ իրականում Սոնա Մաթևոսյանը, այս տարի չի կերել աղի բլիթ:

 

 

«Դպրոցական տարիներին շատ եմ կերել աղի բլիթ: Երբեմն ինչ-որ բան տեսնում էի, երբեմն՝ ոչ: Երբ մեծացա, դադարեցի մասնակցել այս արարողությանը, քանի որ միևնույնն է, չեմ հիշում իմ երազները և անիմաստ եմ համարում ինձ տանջելը:) Որոշել եմ բաց աչքերով սպասել իմ ասպետին:)»,- ասաց Սոնան ու պատմեց, որ ընկերուհին ժամանակին Անդրեին էր տեսել երազում, սակայն այժմ ամուսնացած է, բալիկ ունի և ոչ մի կապ չունի Անդրեի հետ:)

Սոնան նշեց, որ շատ ուրախ է, որ ունենք սիրո մեր տոնը: «Առաջ երիտասարդներն ավելի ոգևորությամբ սպասում էին  Սուրբ Վալենտինի տոնին, հիմա, կարծես, Սուրբ Սարգիսն ավելի մեծ մասսայականություն է վայելում, ինչն ուրախալի է: Հատկապես երիտասարդները սրտի թրթիռով են սպասում այս օրվան՝ ինչ-ինչ  հույսեր կապելով Սուրբ Սարգսի և աղի բլիթի հետ»,- ասաց նա:

 

 

Այսօր դերասանուհին ընկերների հետ գնալու է պարելու: «Դեռ չգիտեմ՝ գնում ենք Սուրբ Սարգսի տոնը նշենք, թե ուղղակի համընկավ մեր հավաքույթը: Ամեն դեպքում այն շատ գեղեցիկ տոն է»,- ասաց դերասանուհին, ով չի գտել իր երկրորդ կեսին: Սոնայի խոսքով՝ ինքը չի էլ փնտրում իր միակին, քանի որ կարծում է՝ ամեն բան իր ժամանակին կլինի և բոլորն իրար կգտնեն:

«Առհասարակ, ինձ միայնակ չեմ զգում, որովհետև ունեմ լավ ընկերներ, ովքեր դա թույլ չեն տա: Թեև երբեմն եղել են պահեր, երբ շատ կուզեի՝ կողքիս մեկը լիներ, բայց միայնության զգացումը չի դարձել երկրորդ կեսիս գտնելու ցանկության պատճառ: Բոլոր նորմալ մարդկանց նման ես էլ ուզում եմ սիրել և սիրված լինել, բայց կարծում եմ՝ շտապել պետք չէ,- ասաց դերասանուհին և բոլորին մեծ սեր մաղթեց,- Սիրեք և սիրված եղեք: Թող ձեր կայնքում ամեն օր Սուրբ Սարգսի տոն լինի»:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը